Այժմ գործում է նաեւ մեր քարոզչական մեքենան, սակայն դեռ շատ անելիքներ կան. Լ. Ալավերդյան
Փետրվարի 7-ին Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձեւ էր ընդունել` համապատասխան փաստաթղթում նշելով, որ հայկական զորամիավորումները Խոջալուում դաժանորեն սպանել են 613 անպաշտպան խաղաղ բնակիչների:
Այդ կապակցությամբ Չեխիայի խորհրդարանի նախագահ Միրոսլավա Նեմցովային իր մտահոգությունն է հայտնել նաեւ Չեխիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտենան: Չնայած որ Չեխիայի ԱԳՆ-ը, ինչպես նաեւ որոշ պատգամավորներ արդեն ասել են, որ կոպիտ վրպում է եղել եւ որ փաստաթուղթն ընդունվել է առանց իրական հիմքերին ծանոթանալու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ընդդեմ իրավական կամայականության” հիմնադրամի գործադիր տնօրեն, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի կոնկրետ ինստիտուտների հետ` ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի: Նա հիշեցրեց, որ երկար ժամանակ Հայաստանը միջազգային ատյաններում չի բարձրաձայնել 1988-90-ին ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունների մասին, սակայն 2009-ից ` շնորհիվ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոնի, իրավիճակը փոխվել է` այժմ պետական մակարդակով գործում է նաեւ մեր քարոզչական մեքենան: Բանախոսի կարծիքով` այդ գործընթացն սկսվել է բավականին ուշ եւ դեռ շատ անելիքներ կան: