Արտավազդ Փելեշյան-75
“Նարեկացի” արվեստի միության “Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին” ծրագիրն այս անգամ նվիրված էր աշխարհահռչակ ռեժիսոր-վավերագրող` Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին: Ասում են, որ դեռ 70-ականներին նա համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, իսկ կինոյի մեկ այլ դասական` Ս. Փարաջանովը նրան համարել է “կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը”:
“Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին” ծրագրի համակարգող Արևիկ Ավանեսյանը հանդիսատեսին ամփոփ ներկայացրեց Ա. Փելեշյանի կենսագրությունն ու ստեղծագործությունները` փորձելով հնարավորինս ներկայացնել նաև Փելեշյանի արվեստի առանձնահատկությունը:
– Այսօր, ավելի շատ ուզում եմ խոսենք, թե ով է Փելեշյանը մեզ` երիտասարդներիս համար և ինչ տեղ ունի մեր` երիտասարդ կինոսիրողներիս ու կինեմատոգրաֆիստներիս կյանքում, -ասաց Արևիկ Ավանեսյանը:
Ցուցադրվեցին Ա. Փելեշյանի “Մենք” /1969/, “Տարվա եղանակներ”/1975/, “Կյանք” /1992/, և վերջին`1994թվ.-ին նկարահանած “Վերջ” ֆիլմերը:
Ֆիլմի դիտումից անմիջապես հետո ուղիղ միացում եղավ Փարիզում բնակվող երիտասարդ կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հետ, ով մտերմիկ հարաբերությունների մեջ է Փելեշյանի հետ` նրա հետ աշխատել է, ունեցել անձնական շփումներ, ճանապարհորդել և հանդիսատեսին պատմելու շատ բան ուներ:
Այստեղ կային երիտասարդներ, որքեր նոր էին ճանաչում Ա. Փելեշյանին, սա այն արդյունքն էր, որը ես ուզում էի տեսնել, – երեկոյի ավարտին ասաց Արևիկ Ավանեսյանը:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում: 1963-1967 թթ. սովորել է Մոսկվայի կինոինստիտուտի /ВГИК / բարձրագույն ռեժիսորական դասընթացը (L. Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը մեծ ճանաչում են գտել կինեմատոգրաֆիստների շրջանում, ստացել բազմաթիվ մրցանակներ: Փելեշյանը ոչ միայն տասնյակ և ավելի ֆիլմերի հեղինակ է, այլ նաև կինոյի տեսաբան է:
Նրա “Դիստանցիոն մոնտաժ” և “Իմ կինոն” տեսական գրքերը ներկայացնում են մոնտաժի զարգացման պատմությունը, կինոյի մասին իր անհատական մտորումները ու սցենարները:
1969 թվականին նկարահանած Փելեշյանի “Մենք” ֆիլմը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ:
“Նարեկացի” արվեստի միություն