Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել արցախյան շարժման զոհերի հիշատակին
Փետրվարի 21-ին Մոսկվայում կառուցվող Հայկական վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողություն՝ նվիրված 1988թ.–ի “Ղարաբաղյան շարժման” եւ Արցախի գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին:
Արարողությանը մասնակցեցին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:
Ներկաներին ուղղված խոսքով դիմեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ նշելով, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներում յուրաքանչյուր հայ հարգանքի տուրք է մատուցում այն անձանց հիշատակին, որոնց անձնվեր գործունեության շնորհիվ այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունն անհերքելի իրողություն է:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հիշատակելով 1988թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը՝ դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, ընդգծել է, որ դրան ի պատասխան ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում սանձահարեցին խաղաղ հայ բնակչության ջարդերը:
Արարողությունն ուղեկցվեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի հոգեւորականների աղոթքով: