Ինչու է լռում Ծառուկյանը
Նախագահական ընտրությունների վերաբերյալ ընտրություններին չմասնակցող խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը արդեն տվել են իրենց գնահատականները: Ինչու է լռում “Բարգավաճ Հայաստանը”, որը վեց ամիս առաջ` խորհրդարանական ընտրություններին կես միլիոն վստահության քվե ստացավ:
Henaran.am-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից ճշտել Գագիկ Ծառուկյանը եւ նրա ղեկավարած ԲՀԿ-ն ինչպես են գնահատում նախագահական ընտրությունները:
”Առանձին գործիչներ` խորհրդարանական խմբակցության և քաղաքական խորհրդի , արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը, պարտադիր չէ, որպեսզի մենք հանդես գանք մի առանձնակի, հատուկ հայտարարությամբ”,-ասաց Ուրիխանյանը:
Մասնավորեցնելով` ԲՀԿ խոսնակը նկատեց. ”Ամենևին չի ստացվում այնպես, որ մենք կարող ենք հանգիստ խղճով, հույսով ու հավատով առանց ջանքեր գործադրելու տրվել ընթացքին ու գնալ դեպի հանգիստ, ապահով, զարգացող ու բարգավաճող Հայաստան”:
Ուրիխանյանի խոսքով` ակնհայտ է դարձել, որ փոփոխություններ են անհրաժեշտ: ”Անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, ընդ որում, փոփոխություններ ոչ միայն ընտրական համակարգերում, այլև առհասարակ ամբողջ իրավիճակում` սկսած սոցիալականից, որը դրդում ու ստիպում է մարդկանց ընտրություն կատարելիս մտածել ոչ թե տրամաբանությամբ` զգացական ձևաչափի մեջ ձևավորվող մտքերի, գործողությունների մասին ավելի ճիշտ մտածել, այլ այլընտրանքային իրենց առաջարկների շուրջ, որոնք թերևս վերածվում են նյութականի”,-ընդգծեց պատգամավորը: