”Հայրիկյանի մահափորձը օլիգարխներն էին կազմակերպել` Սերժ Սարգսյանի դեմ” /վիդեո/
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը քարոզարշավի առաջին փուլում շատ ավելի բարձր էր, քանի քարոզարշավի վերջին օրերին:
”Սկիզբն ավելի զուսպ ու հանդուրժողական էր անցկացնում, ապա խրոխտ ու քննադատական կոշտ քննադատություններ մտան, որին պատրաստ չէր իշխանության թիմը, որ թույլ տվեց կոպտագույն սխալներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի վարկանիշն ընկավ շտաբի վատ աշխատանքի հետևանքով:
Որպես օրինակ` նա նշեց Եռաբլուրում նախագահին մոտեցած կնոջ դեպքը:
”Հաշվի չէին առել, որ կմոտենան նախագահին: Սամվել Ալեքսանյանը նախագահի կողքին գտնվելով` փորձում էր սանձել: Լավ էտ Ալեքսանյան Սամվելը մի հարյուր հազար չէ՞ր կարող հանել իր քսակից:
Դա վայել չէր անելու Սերժ Սարգսյանին, բայց վայել էր անելու Սամվել Ալեքսայանին”,-ընդգծեց Հովհաննիսյանը: Ի պատասխան` ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն, ասաց, որ իրենք օգնություն տրամադրել են այդ տիկնոջը, սակայն դա հանրության առջև չպիտի արվեր:
”Մենք ունեցել ենք կենտրոն, որն ուսումնասիրում էր` ինչ հարցեր են տրվել: Այն կնոջն ու մյուսներին հանրության աչքի առաջ չէ, որ պետք է օգնություն ցույց տրվեր: Օգնել ենք, այդ կնոջ խնդիրը լուծել ենք”,-պատմեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հմայակ Հովհաննիսյանը նաև նետեց, որ Հայրիկյանի մահափորձը կազմակերպվել էր օլիգարխների կողմից և ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ:
”Դա տրամաբանական չեմ համարում, կոռկետ չէ ձեր հայտարարությունը”,-պատասխանեց Մինասյանը: