Բոլորս առաջին տիկին ենք, ինչ ենք, հեքիաթ է. Րաֆֆու քննությունը
՛՛Իր հավաքած ձայները ՛՛Ժառանգություն՛՛-ը պետք է վերածի նյութական լուրջ կապիտալի: Հնարավորություն կա, որ շատ ակտիվ կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, և դա շատ օգտակար կլինի, շատ հետաքրքիր քայլ կարող է լինել՛՛,-այսօր ասուլիսում, ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները կարող են լուրջ հայտ լինել՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:
Վերջինս հավելեց, որ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանն, անակնկալի է եկել այսքան ձայներից: ՛՛Նրանք հիմա էլ պատրաստ չեն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեր, ո՞վ էր նրա վարչապետը լինելու, նախարարները լինելու, այդպիսի խնդիր դրված չի եղել,-կարծում է Հարությունյանը,-ճիշտ կլինի՝ ՛՛Ժառանգությունը՛՛ ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սկսի բանակցություններ վարել:
՛՛Հույս ունեմ, որ նախապատվություն կտան քաղաքական ողջամտությանը, բանակցելու գործընթացին՛՛: Հարցին` այդ դեպքում արդյո՞ք Հովհաննիսյանը չի կորցնի իր ընտրազանգվածի վստահությունն ու չի հիասթափեցնի նրանց, պատասխանեց. ՛՛Ցավոք սրտի մեզանում սխալ է, որ ընդդիմությունը նա է, ով հայհոյում է միայն: Պետք է ՛՛Ժառանգությունը՛՛ դուրս գա փակուղուց ու գնա դեպի բանակցությունների, համագործակցության:
“Րաֆֆիի քաղաքական գործիչ լինելու-չլինելու լուրջ քննությունն է հիմա, բոլորս առաջին տիկին ենք, ինչ ենք, բոլորը հեքիաթ է՛՛:
Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ իշխանությունը մտորելու առիթներ ունի, քանի որ քաղաքական ուժը, որ վեց ամիս առաջ հազիվ կարողացավ հաղթահարել հինգ տոկոսանց շեմը, հիմա բավական շատ ձայներ է հավաքել:
՛՛Մենք մտորելու տեղիք ունենք, այս ընթացքում ինչ-որ բան, որ պետք է արվեր, չարվեց, մտածելու բան կա, կառավարության կողմից ևս մտածելու առիթ կա՛՛,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը: