Այլևս սպառվել է մարտի մեկերի ռեսուրսը, այն կործանարար կլինի բոլորիս համար
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ նախագահական ընտրություններում եղել են խախտումներ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
՛՛Բայց հանրությունը արդյոք կարողացել է իր կամքը արտահայտել, սա է հիմնական գնահատականը, չափորոշիչը, իսկ տեղական դիտորդներն ու միջազգային դիտորդներն էլ ասում են, որ թեև եղել են խախտումներ, բայց մարդիկ կարողացել են իրենց կամքն արտահայտել՛՛,-հավելեց նա:
Հարությունյանը նկատեց, որ արդեն երրորդ դեպքն է, երբ ընդդիմադիր թեկնածուն, դեռևս չսպասելով ընտրությունների ավարտին, հայտարարում է իր հաղթանակի մասին: ՛՛Կարող է բավարարված չլինել արդյունքով, բայց այդ իրավունքն իրականացնելու ճանապարհը իրավականն է:
Խախտումները, որ արձանագրվել են, եթե բացահայտվեն, մի քանի հազար ձայնի տատանումների մասին վկայեն, կարելի է խոսել արդեն: Սա առնվազն տարօրինակ է հնչում մի քաղաքական ուժի համար, որը հանրային կյանքի կազմակերպման համար առանցքային է համարում օրենքը՛՛,-շեշտեց պատգամավորը:
Վերջինս կարծում է, որ բախումներ չեն լինի, որ հասարակությունը պատրաստ չէ դրան: ՛՛Մեր հանրությունը այլևս սպառել է մարտի մեկերի ռեսուրսը, այն կործանարար կլինի բոլորիս համար՛՛,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը: