Ծառուկյանի դեմ. . Ժամանակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած “ԻստԻնվեստոր” ընկերության հայցի քննությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
“ԻստԻնվեստորի” փաստաբան Արա Զոհրաբյանը թերթին ասել է, որ նիստի ընթացքում մեկ ապացույց է հետազոտվել, եւ դատավորը գնացել է վճիռ կայացնելու: Սպասվում է, որ վճիռը պետք է հրապարակվի մարտի 6-ին: Սակայն սա դատավորի արդեն երրորդ “փորձն” է՝ խորհրդակցական սենյակ գնալու եւ վճիռ կայացնելու եւ, ըստ փաստաբանի, նիստերի այս վերսկսումներն ու հետաձգումները ողջամիտ չեն:
Մինչ այս, Զոհրաբյանի խոսքերով, նախորդ դատական գործընթացից կանխակալ վերաբերմունք չէր նկատվում, բայց վճռի կայացման առումով դատավորի այս անորոշ քայլերը մտահոգության տեղիք են տալիս:
“Եթե վճիռը լինի բացասական, այսինքն՝ մեր վստահորդի իրավունքները չպաշտպանվեն, բնականաբար, կգնանք հաջորդ փուլ, մեր վստահորդը տրամադրված է մինչեւ Եվրոպական դատարան հասնել եւ պայքարել իր իրավունքների համար”,- ասաց Ա. Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց պահանջը բաժնետոմսերի առուվաճառքի գործընթացն անվավեր ճանաչելն է, այսինքն՝ արժեթղթերը հետ վերադարձնելը:
Նա նշեց, որ հակառակ կողմից փոխզիջման գնալու նախաձեռնություն չկա”,- թերթը հիշեցնում է, որ համաձայն մամուլի հրպարակման, կոմբինատի բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երեւանի “Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ” ԲԲԸ-ի բաժնետոմսերը՝ դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908000 ՀՀ դրամ է:
Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ “ԻնտԻնվեստորը” մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Սա գործարքի եւ “ԻնտԻնվեստորի” գնած գնի ընդամենը 20 %-ն է կազմում՝ չնայած որ ընկերությունն աճել է այս ժամանակահատվածում: Այս գինն իրական շուկայական արժեքի 2 %-ից էլ պակաս է:
Այս քայլով “Մուլտի Գրուպը” դիտավորյալ փորձում է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ ակնհայտ խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: