Լարիսա Ալավերդյանը Րաֆֆուն չի շնորհավորում
՛՛Արդեն հինգերորդ ընտրված, բայց չճանաչված նախագահն է, սա նշանակում է, որ հասարակությունը հստակ ձևավորել է իր նոր որակը, հասունացել է, իսկ իշխանությունների ու ժողովրդի մեջ անջրպետ է առաջացել:
Մի խումբ մարդկանց կարելի է խաբել միշտ, բայց միշտ չի կարելի խաբել բոլորին՛՛,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս նկատեց, որ այս նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձություններն իրեն հիշեցնում են 2008 թվականի հետընտրական զարգացումներն այն առումով, որ այժմ էլ կա մի մեծ զանգված, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Սակայն 2008 թվականի ու ներկայիս զարգացումների մեջ Ալավերդյանը տարբերություններ ևս տեսնում է: ՛՛Հավակնություն ունեցող և ձայներ վերցնող կուսակցություններն ու լիդերները թողել են դաշտը: ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը ՀԱԿ-ը, ովքեր կարող էին ձայներ վերցնել, թողել են դաշտը: Սա նոր պարագա է, որ ստեղծել է այն իրավիճակը, որ ժողովուրդը նայելով յոթ հոգանոց ցուցակը, որտեղ չի ընտրում իշխանության ներկայացուցչին, ընտրում է նրան, ում ճանաչում է՛՛,-նշեց նա:
Նախկին պատգամավորը ընդգծեց, որ 37 տոկոս ձայները միայն ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդինը չեն, այլ ՛՛Ժառանգության՛՛ ամբողջ թիմինն են:
՛՛Անկախ նրանից առաջնորդը սխալներ կատարում է, թե ոչ, շատ կարևոր է թիմը, ՛՛Ժառանգության՛՛ թիմը անկախ նրանից ունեցել է սայթաքումներ, այդ որակի թիմին կնախանձի ցանկացած կուսակցություն: Ես անձնապես շնորհավորում եմ ՛՛Ժառանգության՛՛ թիմին՛՛,-հավելեց Լարիսա Ալավերդյանը: