Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել
Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում:
Ի դեպ, “խավիարի դիվանագիտություն” եզրույթը հատուկ հորինվել է բնութագրելու համար այն “բարիքները”, որոնք ադրբեջանի պաշտոնատարները կանոնավորապես և առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց լիրբ նպատակներին հասնելու համար:
Օրինակ՝ Բաքուն հինգ միլիոն դոլար հատկացրեց Մեխիկո քաղաքի զբոսայգին վերանորոգելու համար, միայն մի պայմանով, որ Հեյդար Ալիևի արձանը տեղադրվի այդ նշանավոր վայրում: Սակայն, երբ մեքսիկացի ակտիվիստներն իմացան այս անվայել գործարքի մասին, բռնակալի արձանն ապամոնտաժվեց և առանց ձևականությունների շպրտվեց պահեստը:
Ադրբեջանի պաշտոնատարները սկսում են հասկանալ, որ ոչ բոլորին կարելի է գնել, և դեռ կան շատ պատվարժան մարդիկ այս աշխարհում, որոնք անկաշառ են: Այդ մարդկանցից մեկն էլ Պետեր Սավոդնիկն է՝ մի անբասիր ազնվության տեր անձնավորություն “Նյու Յորք Թայմս” թերթից:
Այս ամսվա սկզբին, ադրբեջանցի մուլտիմիլիարդատեր Իբրահիմ Իբրահիմովն ամերիկացի լրագրողին հրավիրել էր Բաքու, որպեսզի “Նյու Յորք Թայմս”-ում գովասանքի խոսքեր գրեր իր ընդարձակ շինարարական ծրագրի մասին:
Ամենևին չտպավորվելով նորահարուստ ադրբեջանցի օլիգարխի շռայլություններից, Սավոդնիկը ջախջախիչ հոդված էր գրել՝ ծաղրելով Իբրահիմովի անհեթեթ պատրանքը: Ահա համառոտ հատվածներ թղթակցի ծավալուն հոդվածից.
Իբրահիմովը նախատեսում է «խեցգետնու տեսք ունեցող մի լայնատարած շինություն կառուցել Կասպից ծովում՝ “Khazar Islands” անվամբ, որը բաղկանալու է 55 արհեստական կղզիներից՝ հազարավոր բնակարաններից, առնվազն ութ հյուրանոցից, “Ֆորմուլա 1” վազքուղով, նավասպորտային ակումբով, օդանավակայանով և աշխարհի ամենաբարձր՝ “Ադրբեջանի աշտարակ” շենքով, որի բարձրությունը կկազմի 1050 մետր: Երբ ամբողջ համալիրը կառուցվի … 800 հազար մարդ կապրի “Khazar Islands”-ում, այնտեղ նաև կլինեն հյուրանոցային սենյակներ մյուս 200 հազարի համար … Այն կարժենա մոտ 100 միլիարդ դոլար»:
Սավոդնիկը հայտնում է, որ Բաքու ժամանելուց մեկ օր առաջ, Իբրահիմովի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որպեսզի անձամբ իրեն հանձնի “Khazar Islands” նախագծի մասին գիրք և DVD-սկավառակ:
Բաքվում լրագրողն ապշել էր օլիգարխի շռայլ ապրելակերպից. «այնպես էր բազմել սև Ռոլս Ռոյսի հետևի նստատեղին, կարծես այն սլանում էր կառուցվելիք կղզեխմբի թիվ մեկ կղզու վրայով: Նրա 23-ամյա օգնական Նիգյար Հուսեյնլին նստած էր առջևում, սև-սպիտակ ծաղկանախշերով կիսաշրջազգեստով, սև զուգագուլպաներով և սև ուղղանկյունաձև ակնոցով: Թվում էր, որ նա անընդհատ անհասկանալիորեն մտահոգված էր: Նա չափից շատ օծանելիք էր օգտագործել, որն, ինչպես ինքն ասաց՝ բերվել էր Իտալիայից: “Երբ պարոն Իբրահիմովն Ադրբեջանում է լինում”, ասաց Հուսեյնլին, “նա միշտ վարում է իր սև Ռոլս Ռոյսը: Իսկ Դուբայում նա մեկ ուրիշ կարմիրն ունի”:
Ցուցադրելով “կոկորդիլոսի կաշվից “Ստեֆանո Ռիչի” ապրանքանիշի կապույտ կոշիկները, որոնք համապատասխանում էին նրա “Ստեֆանո Ռիչի” կապույտ ջինսին, “Զիլլի” կապույտ պիջակին և «Զիլլի» կապույտ վերնաշապիկին”, Իբրահիմովը Սավոդնիկին ասաց, որ “Ադրբեջանի աշտարակը” անկասկած հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Իբրահիմովն ասաց, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Արաբական Էմիրաթները, կամ որևէ մեկը, որևէ այլ վայրում փորձի ավելի մեծ շենք կառուցել, ապա նա էլ ավելի մեծն է կառուցելու:
Սավոդնիկը գրում է, որ ադրբեջանցի օլիգարխը Իլհամ Ալիևին բնութագրեց որպես շեֆերի շեֆ, մեծ պաշտպան, աջակից և Ադրբեջանի ժողովրդի փրկչի որդի”: Երբ “Նյու Յորք Թայմս” թերթի թղթակիցը Իբրահիմովին հարցրեց “Ալիևի վարչակարգի այլ հատկանիշների՝ թափանցիկության, քաղաքացիական ազատությունների բացակայության և ընդդիմության ակտիվիստների կալանավորման մասին”, նա տվեց բոլոր օլիգարխներին հատկանշական պատասխանը. “Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեմ”:
Ամերիկացի լրագրողն իր հոդվածում անարգանքի խոսքեր էր գրել ոչ միայն Իբրահիմովի, այլ նաև նրա երկրի մասին. Ադրբեջանը “չի կառուցում այն, ինչ ամբողջ աշխարհին է պետք և չունի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններ: Սակայն, այն ունի նավթ”: Իր երկրորդ հոդվածում, Սավոդնիկը եզրափակում է. “Բոլոր ապակիների, պողպատի և նեոնային լույսերի ներքո, այն [Ադրբեջանը] շարունակում է մնալ որպես բռնատիրական երկիր”:
Առաջին անգամ չէ, որ “Նյու Յորք Թայմս”-ը Ադրբեջանին մերկացնող հոդված է հրապարակում: 2003 թ. հոկտեմբերի 27-ին թերթն իր խմբագրականում գրել էր. “Գործարար, “փլեյբոյ” և նորելուկ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևը գեղեցիկ նվեր ստացավ իր հորից՝ Ադրբեջան երկիրը:
Հեյդար Ալիևը մշտապես, համարյա 34 տարի ղեկավարել էր Ադրբեջանը, սկզբում որպես Խորհրդային քաղբյուրոյի գործիչ, այնուհետև որպես բռնակալ: Երբ խիստ հիվանդության պատճառով նա այլևս չէր կարող շարունակել, նա օծեց որդուն՝ իր փոխարեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իլհամ Ալիևն օգտագործելով պետության բոլոր լիազորությունները, կեղծիքներով լի քարոզարշավ ծավալեց, իսկ այնուհետև տոնեց իր հաղթանակը՝ ձերբակալելով ընդդիմության մեծ մասը:
“Նյու Յորք Թայմս” թերթը եզրափակել էր իր խիստ քննադատական խմբագրականը հորդորելով Միացյալ Նահանգներին “հեռավորություն պահել նախագահ Ալիևից և խուսափել նավթային հարստությունների վրա բազմած բռնակալներին աջակցելու անհաջող պատմության կրկնությունից”: Ցավոք, այս նախազգուշացումն անուշադրության մատնվեց Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի կողմից:
Հարութ Սասունյան
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի