Ոստիկանական ԿԳԲ-ական ուժեղացված մեթոդներ. Հրապարակ
Ադրբեջանի նախագահը խորհրդային ժամանակների ոգով հրամանագիր Է ստորագրել, որի պաշտոնական անվանումն է՝ «Հասարակական կարգի պահպանմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու մասին»։ Հրամանագրից հետեւում է, որ պետությունը լեգիտիմացնում է ոստիկանության գործակալական ցանցը։ Իհարկե, ֆորմալ առումով
խոսքը «հասարակական կարգի պահպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցությանե մասին է, բայց հետագա ձեւակերպումներից, հատկապես ոստիկանության հետ համագործակցող անձանց նյութական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող, պարզ է դառնում, որ Ալիեւը նպատակադրվել է մարդկանց ավելի մեծ խմբերի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատել, ինչպես նաեւ հանրության տարբեր խմբերի միջեւ սերմանել կասկածամտություն։
Ոստիկանության գործակալական ցանցի փաստացի օրինականացումը, հավանաբար, պայմանավորված է նաեւ սոցիալական հնարավոր ցնցումների դեպքում օժանդակ պատժիչ խմբեր ունենալու անհրաժեշտությամբ։ Ավելի վաղ ադրբեջանական մամուլում ակնարկվել էր, որ ՆԳ նախարար Ուսուբովի եւ գլխավոր դատախազ Գարալովի միջեւ առկա է սուր մրցակցություն՝ Ալիեւի ամենավստահելի անձի դիրքի համար։ Ըստ երեւույթին, ռեժիմի համակրանքը թեքվել է ՆԳ նախարարի կողմը։ Հակառակ դեպքում ոստիկանությունը «կամավորներ» ներգրավելու եւ նրանց «հասարակական կարգի պահպանմանը» մասնակից դարձնելու լիազորություններ չէր ստանա։
Բաքվի ռեժիմը գնալով ավելի ու ավելի է բռնապետական հակումներ դրսեւորում։ Ուշագրավ է, որ «ոստիկանության հետ քաղաքացիների կամավոր համագործակցությանե մասին հրամանագիրն Ալիեւը հրապարակել է ԵԽ Նախագահի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ բանակցություններից անմիջապես հետո։ Դա անթաքույց ակնարկ է, որ եթե անգամ քաղբանտարկյալների հարցում ռեժիմն ընդառաջի արեւմտյան հանրության հորդորներին, միեւնույն է, արմատական ժողովրդավարական բարեփոխումներ չեն արվելու, ընդհակառակը, պնդօղակները ձգվելու են արդեն նաեւ «կամավոր համագործակցողներիե, փաստացի՝ ոստիկանության գործակալների միջոցով։
Այս դեպքում անմեղսունակի տպավորություն են թողնում եվրաչինովնիկները, որոնք համարում են, որ Ալիեւի ռեժիմի հետ համագործակցությունը կարող է փոխադարձ օգտակար լինել։ Եթե, իհարկե, բացառենք, որ եվրոպական երկրներում նույնպես քաղաքացիներին ոստիկանության եւ գաղտնի ծառայությունների հետ «կամավոր համագործակցության» չեն մղում՝ դարձյալ նյութական եւ սոցիալական ապահովության երաշխիքներով։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: