$ 57.000-ը Յուվեցի Կարոյի անձեռնմխելիության ու «տուժող» դառնալու գի՞նն է. Ժամանակ
Օրինապահությունից և օրենք գրելուց կիլոմետրերով հեռու ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը, ամիսներ առաջ երևի «շփվել էր» Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության հետ և լրագրողի հետ զրույցում հայտնել, որ այն «շատ հաճելի է»: Պատգամավորը հավանաբար Սահմանադրությունը շփոթել էր բարետես աղջկա հետ, որին կարելի է «բռնաբարել» հին Սահմանադրության պես և մնալ անպատիժ: Իսկ դրա համար անհրաժեշտ է անձեռնմխելիության մանդատ և շատ փող, որոնք ձեռք բերելու համար պետք է խաբել հարազատ /արդեն նախկին/ ԲՀԿ-ին և մրցակից ՀՀԿ-ին:
Արթուր Զադոյանին հրազենային վնասվածքներ հասցնելու գործով դատավարության մեկնարկին պատգամավորը դատարանում, ԶԼՄ-ների առջև հայտարարեց, որ 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ «ամենաշատ ձայներն ինքն է բերել» ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի համար: Մինչդեռ Արարատի մարզում ձայները խայտառակ քիչ էին, Կարոյի կեղծիքների աղմուկը՝ շատ:
Նման խաբեություններով էլ երևի Յուվեցի Կարոյին միշտ հաջողվում է աղմկահարույց պատմություններից «անմեղ» ու անձեռնմխելի մնալ… Եվ այսօր Կարոն տակը չոր, փորը՝ կուշտ «երեխայի» կարգավիճակում է՝ բարուրված պատգամավորական մանդատով, իրավապահներն ու դատավորներն էլ տարին 1-2 անգամ մաքրում, փոխում են տակը, որ հետո նորից «բարուրից» դուրս գա, Սահմանադրությունը բռնաբարի ու կրկին գղգղա «հաճելի» ու էքստազի հասցրած սահմանադրության մասին:
Յուվեցի Կարոյի տակը մաքրելու հերթը դատախազ Կարեն Բիշարյանինն ու դատավոր Թաթուլ Պողոսյանինն է: Արդեն ավարտվող դատավարության ընթացքում դատավորն այդպես էլ համառորեն չուզեց պարզել մահից մի կերպ փրկված Ա. Զադոյանի և նրա պաշտպանի մատնանշած և մեղադրանքը հերքող ակնհայտ փաստերը, որոնք դատախազությունը չի կարողացել այնպես փաթեթավորել, որ կաշառված լինելու ողջամիտ կասկած չառաջանա:
Կարոյին դարձրել են տուժող, Զադոյանին՝ մեղադրյալ: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու /քր. օր. 235հ./, միջին ծանրության վնասվածք հասցնելու /113/ և պաշտոնյային սպանության սպառնալիքներ տալու /137/ մեջ: Ավելին՝ 57.000 դոլար պարտք են խցկել գործի մեջ՝ այն Զադոյանից ստանալու հնարավորություն տալով պատգամավորին:
Ըստ մեղադրանքի՝ Կարոյի մեքենայի մեջ 57.000 դոլարի պարտքը վերադարձնելու հարցի շուրջ առաջացած խոսակցության ընթացքում Ա. Զադոյանն ավտոմեքենայի բանալիով հարվածել է Կ. Կարապետյանի գլխին: Նա էլ անցել է ավտոմեքենայի հետնամաս, բռնել Ա. Զադոյանի ձեռքերը և ոտքի ծնկների հարվածներով վնասել նրա կրծքավանդակը: Մեքենայից փաթաթված վիճակում դուրս ընկնելուց հետո, Զադոյանին հաջողվել է ազատվել Կարապետյանից, իսկ մի փոքր հեռանալուց հետո՝ սպանելու սպառնալիքներ հնչեցնել և գուլպայի միջից «Մակարով» զենքը հանելու փորձ անել: Այն կանխելու նպատակով պատգամավորի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը շեֆի «Բրաունինգ» զենքով 2 անգամ կրակել է օդ: Նրա ձեռքից էլ Կարապետյանն է այդ զենքը վերցրել ու կրակել օդ, ապա՝ Զադոյանին՝ վիրավորելով նրա ձեռքն ու ոտքը: Օնիկն էլ մոտեցել է գետնին ընկած Զադոյանին, գուլպայի միջից հանել զենքը և ավելի ուշ հանձնել դեպքի վայր եկած ոստիկանին:
Սրա տակ մեղադրողը 7 հատորանոց գործից դրել է մի քանի ապացույցանման նյութ:
Մինչդեռ Զադոյանի՝ ապօրինի զենք կրելու հանգամանքը հերքվում է /չի հաստատվում/ հետևյալ փաստարկներով. Փորձաքննության եզրակացությամբ նրա մարմնի, տաբատի վրա զենքի քսայուղի, մետաղացման արգասիքներ չեն հայտնաբերվել: «Մակարովի» վրա չեն հայտնաբերվել ոչ Զադոյանի, և ոչ էլ նրա գուլպայի միջից իբր զենք հանած Օնիկի մատնահետքերը: Ավելին՝ գործից անհետացել են Զադոյանի գուլպաները, երբ նա ուշագնաց է եղել Կարապետյանի հասցրած հրազենային վնասվածքներից ու կողոսկրերի կոտրվածքներից և շտապ տեղափոխվել հիվանդանոց:
Բացի այդ, նախաքննական մարմինը քննչական փորձարարություն չի արել. մոտ 1 կգ. կշռող «Մակարովը» չի դրել «հանցագործի» գուլպայի մեջ և վազեցրել՝ պարզելու՝ հնարավո՞ր է այդքան քաշքշուկներից ու 10 մետր վազելուց հետո զենքը մնա գուլպայի մեջ, թե ոչ: Չէր մնա, մեղադրանքն էլ կփլվեր, ինչը դատավորին ևս պետք չէ:
Այսինքն, Զադոյանի մոտ զենք չի եղել. առնվազն չփարատված կասկածներ կան /որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրվողի/, իսկ առավելագույնը՝ հակառակ ցուցմունքներ տված Օնիկն ու Կարոն պետք է դատվեն սուտ մատնության համար:
Զադոյանի կողմից սպանության սպառնալիքներ տալը ևս անհեթեթություն է. Նախ՝ եթե զենք ունենար, դրանով կխփեր, իսկ եթե չի ունեցել՝ ինչո՞վ սպառնար: Նախաքննական մարմինը սրա տակ դրել է գործի ելքով շահագրգռված պատգամավորի, նրանից կախում ունեցող վարորդ Օնիկի և քրեադատավարական նորմերի խախտմամբ՝ դեպքից 5 տարի անց որպես վկա ներգրավված Ռոբերտ Մովսիսյանի և Էդուարդ Թարվերդյանի ցուցմունքները: Դրանք անարժանահավատ էին, ուղղորդված և հաճախ՝ հետազոտված ապացույցներին հակասող:
Վերջին երկուսը թեև 5 տարի առաջ, մի քանի րոպե էին տեսել կատարվածը և Կարոյի զենքի վախից՝ փախել ու թաքնվել, բայց դեպքն այնպես պատմեցին՝ կարծես երեկ էր եղել: Իսկ մանրուքների մեջ «բռնվեցին»: Ռ. Մովսիսյանն ասաց, որ Զադոյանի վերնահագուստը «վայեննի» գույնի էր, մինչդեռ դատարանում հետազոտված իրեղեն ապացույց սվիտերը սև գույնի էր: Դրա վրա արյան հետքեր չկային:
Սա էլ վկայում է Կարոյի և Օնիկի սուտ ցուցմունքներ տալու մասին. ըստ այդմ՝ Կարոն ինքնապաշտպանության նպատակով անցել է հետևի նստատեղ և, գտնվելով վերին դիրքում՝ կոտրել Զադոյանի կրծքավանդակը. Բայց ինչպե՞ս է եղել, որ Կարոյի՝ առատորեն արնահոսող գլխից ոչ մի կաթիլ արյուն չի թափվել Զադոյանի սվիտրի վրա:
Անհրաժեշտ քննչական փորձարարություն չի արվել՝ պարզելու՝ մոտ 120 կգ-ոց Կարոն կարո՞ղ էր «Բռաբուս» մեքենայի նեղ նստատեղերի միջնամասով անցնել հետնամաս, այնտեղից էլ 120 կգ-ոց 2 տղամարդ փաթաթված ընկնեին դռնից: Եթե դատարանը պարզեր՝ կհասկանար, որ Կարոն Զադոյանի կողերը կոտրել և ծանր մարմնական վնասվածք է հասցրել ոչ թե մեքենայի մեջ՝ պաշտպանվելու նպատակով, այլ դրսում և դիտավորությամբ, երբ Զադոյանն արդեն կրակոցներից վիրավոր գետնին ընկած է եղել:
Այսինքն, քննչական մարմինը պետք է պատգամավորին զրկեր անձեռնմխելիությունից և ներգրավեր որպես մեղադրյալ, ինչը չի արել:
Զադոյանն ընդունել միջին ծանրության վնասվածք հասցնելու փաստը, բայց նշել, որ դա արել է ինքնապաշտպանության նպատակով: Նա պնդել է, որ մեքենայի մեջ, երբ ինքը հարցրել է Կարոյին՝ գնվելիք մեքենայի գումարը վերցնելու մասին, նա բորբոքվել է, հայհոյել իրեն և զենքերից մեկը հանել, բերել մարտական վիճակի: Ինքն էլ, ռեալ վտանգը կանխելու նպատակով, ոտքի տակ դրված մեքենայի բանալին վերցրել և փորձել է հարվածել Կարոյի ձեռքին, սակայն դիպել է նրա գլխին, զենքն էլ ընկել ձեռքից /Կարոն ընդունել է դա՝ նշելով, որ եթե զենքը չընկներ ձեռքից՝ մեքենայի մեջ էր խփելու/:
Զադոյանն այդ ընթացքում մեքենայից իջնել և մի քանի մետր հեռացել է, սակայն Կարոն հետևից կրակել է և վիրավորել Զադոյանի ձեռքն ու ոտքը, իսկ երբ վերջինս ընկել է գետնին՝ ոտքերով հարվածել ու կոտրել է նաև նրա կողոսկրերը:
Զադոյանի այս ցուցմունքը հաստատում, իսկ մեղադրանքն ու կարոյական վկաների ցուցմունքները որոշ հատվածներում հերքում է փորձագիտական եզրակացությունը: Այն հաստատում է, որ փամփուշտներից մեկը Զադոյանի ոտքին է դիպել հետնամասից, իսկ մյուսը՝ թևի ներսային մասից: Այսինքն կրակոցների պահին նա շրջվելիս և հեռանալիս է եղել, ոչ թե կռացած վիճակում՝ զենք հանելիս և սպանության սպառնալիքներ տալիս, ինչպես պնդում է Կարոն և բացառապես նրա օգտին ցուցմունք տվածները:
Ավելին, կրակել է միայն Կ. Կարապետյանը և դա արել է դիտավորությամբ, քանի որ Օնիկի ձեռքերի, հագուստների վրա չեն հայտնաբերվել կրակոցի արգասիքներ…
Ինչ վերաբերում է 57.000 դոլարին, ապա մեղադրողն այդպես էլ չասաց, թե որ փաստաթղթից, Կարոյի, Օնիկի ո՞ր ցուցմունքից է դա վերցրել ու դրել մեղադրանքի մեջ: Միայն երեքով են եղել մեքենայի մեջ, սակայն նրանցից ոչ մեկի ցուցմունքում չկա 57.000 դոլարի մասին հիշատակում:
Դե հիմա գլխավոր դատախազությունն ու դատարանը պետք է բացատրեն՝ ի՞նչ արժե կապիկի տարում բեմադրված այս «կապիկությունը»: Արդյո՞ք այդ 57.000 դոլարը Կարոյի անձեռնմխելիությունը «չմխելու» ու «տուժող» դարձնելու գինը չէ, ինչը պատգամավորն ուզում է «ռեգրեսիվ» հայցով ստանալ իրական տուժող Զադոյանից:
Այլ ենթադրություն չի մնում, քանի որ Կարոյի աչքերը հաստատ այնքան սիրուն չեն, որ պետական այրերը նրա պատճառով հայտնվեն այսպիսի խայտառակ վիճակում… Կարոն ա՝ գուցե Սահմանադրությունից չհասկանա՝ «հաճույք» ստանա, բա դու՞ք…