Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է առողջապահության ֆինանսավորման հարցին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի բացմանը:
Կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ։ Այդ ծրագրերը համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության մոտեցումներին։
Վստահ եմ, որ համաժողովում կներկայացվեն մեր երկրում իրականացվող հանրային առողջապահական հաջողված ծրագրերը։ Այնուամենայնիվ, կցանկանայի անդրադառնալ դրանցից մի քանիսին։ Իմունականխարգելման ազգային ծրագիրը, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները մշտապես բարձր գնահատականի են արժանանում միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Հաջողված ծրագրերից է նաև աղի պարտադիր յոդացումը, որի շնորհիվ բնակչության շրջանում զգալիորեն նվազել են յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական խնդիրները։
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով առավել տարածված 3 ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային համատեղ ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում կհետազոտվի մեր բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։ Անկախ Հայաստանում երբևէ նման ընդգրկվածությամբ սկրինինգային ծրագրեր չեն իրականացվել»։
Վարչապետի խոսքով՝ միջազգային համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ բժշկությունը սահմաններ չի ճանաչում, և առողջության պահպանման համար պետք է մեկտեղել ջանքերը։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առողջ բնակչությունն է ապահովում տնտեսության ընդհանուր մակարդակի բարձրացումը, և դա հաստատում է ԱՀԿ այն տեսակետը, որ ներդրումներն ուղղվում են ոչ թե ոլորտի ֆինանսավորմանը, այլ քաղաքացիների առողջությանը։ «Հենց դա է հիմնական դրդապատճառը, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում տարեցտարի ավելացնում ենք ոլորտի ֆինանսավորումը։ Լիահույս եմ, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, կհստակեցվեն դրանց հաղթահարման մոտեցումներն ու դիրքորոշումները։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ողջունում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալու ձեր պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ ստորագրված փաստաթուղթը լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետևաբար և առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման գործում», – եզրափակել է վարչապետը:
Մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, ԱՀԿ եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարը, ինչպես նաև առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն է` վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումներ, բարձրաձայնել այս ոլորտում առկա մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին: