20 տարի է՝ ցմահ դատապարտյալ Արթուրը չի հանձնվում
«2011 թվականին Արթուրի մոտ հեռախոս է հայտնաբերվել ու 5 տարվա տույժ են տվել : Մինչև տույժը չվերանա՝ չի կարող դիմել վաղաժամկետ ազատման համար: Ներսում եղած տաքսաֆոնները բավականին թանկ են ու շատ դժվար է լինում Արթուրի հետ խոսելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը:
20 տարի է՝ հինգ զինվորի սպանության մեջ մեղադրվող և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը պահանջում է արդար քննություն: Մինչ օրս արդարադատության համակարգը հրաժարվում է վերաբացել գործը, իսկ առողջական խնդիրներ ձեռք բերած 39-ամյա Արթուրը ու նրա ընտանիքը չեն դադարեցնում արդարության հասնելու ջանքերը:
Մկրտչյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել զինվորական ծառայության երկրորդ տարում: Նա մինչ օրս կտրականապես հերքում է մեղադրանքը:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արտագնա նիստում կլսվի ցմահ դատապարտյալ, նախկին զինվոր, 20-րդ տարին բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի բողոքն ընդդեմ ՔԿՀ վարչակազմի՝ պայմանական ազատման ներկայացնելու մերժման որոշման:
«Արթուրը հավատում է, որ մի օր արդարությունը կբացահայտվի»,-ընդգծեց մայրը, հավելելով, որ եթե տույժը վերացնեն Արթուրը կպայքարի ազատության համար:
Արթուր Մկրտչյանի մայրը տեղեկացրեց նաև, որ ցմահ դատապարտյալները դեռ սպասում են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատասխանին:
«Հովհաննես Սահակյանը մեզ վստահեցրել էր, որ փետրվարին պատասխան կլինի, սակայն ամիսը վերջացավ ու ոչ մի պատասխան չեղավ: Մարտից՝ ցմահ դատապարտյալները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի»,-եզրափակեց Ջավահիր Մկրտչյանը: