Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի կենտրոնական պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական և ֆրանսիական կաթողիկե եկեղեցիների քահանաների ձեռամբ։
Խաչքարի բացումը հնարավոր դարձավ Էքս Ան Պրովանսի քաղաքապետարանի, տեղական հայկական համայնքի, «Հայս կլուբ» կազմակերպության միասնական ջանքերի շնորհիվ` Ֆրասիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Ֆրասիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Բյուշ Դե Ռոն շրջանի փոխպրեֆեկտ Սերժ Գութեյրոնը, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Մարիզ Ժուասան Մասինին, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, շրջանային, տարածքային և մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ:
Էքս Ան Պրովանսի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին 1915 թվականին հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության մասին իրազեկելն է: «Հայս Կլուբ» կազմակերպության նախագահ Միշել Տեր-Գևորգյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առթիվ` նշելով վերջինիս հետևողական հայամետ գործունեությունը:
Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Էքս Ան Պրովանսի տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին, որի արդյուներից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը՝ նշելով, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի և ընդհանրապես պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից է:
Միջոցառման ավարտին «Մասիս» նվագախմբի կատարմամբ հնչեց ֆրանսիական և հայկական ազգային երաժշտություն: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։