Միջպետական համաձայնագրերը կհանդիսանան տնտեսության աշխուժացման ազդակ
Գործադիրը համաձայնություն տվեց ««Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Վերոնշյալ Կոնվենցիան կնքվել է դեռևս 1999 թվականին: Սակայն ՀՀ տնտեսական և իրավական համակարգերում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, ինչպես նաև կրկնակի հարկման համաձայնագրերի կնքման համար հիմք հանդիսացող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթների փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացրել այն վերանայելու և հարմարեցնելու արդիական իրավակարգավորումներին:
Ըստ այդմ վերանայվել են անկախ գործունեություն իրականացնելու դեպքում ստացված եկամուտների հարկման մոտեցումները՝ համապատասխանեցնելով ՏՀԶԿ հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթներին:
Հստակեցվել են անշարժ գույքից ստացվող եկամուտների տեսակները: Կապիտալի հավելաճի հարկման վերաբերյալ դրույթները համապատասխանեցվել են ՏՀԶԿ հարկային համաձայնագրի մոդելային տարբերակի դրույթներին, մասնավորապես կարգավորվել է մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստացված արժեքի հավելաճի հարկման առանձնահատկությունները, եթե այդ բաժնետոմսերը ստացվել են մյուս Պայմանավորվող Կողմի պետությունում գտնվող անշարժ գույքից:
Փոփոխություն է կատարվել նաև այլ եկամուտների հարկման ընթացակարգերում՝ այլ եկամուտների որոշ տեսակների հարկման իրավասությունը վերապահվել է եկամտի ստացման աղբյուր երկրին: Մասնավորապես՝ մի Պայմանավորվող Կողմի պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող Կողմի պետության աղբյուրներից վիճակախաղերից, խաչբառերից, արշավներից, ձիարշավներից, խաղաքարտերից կամ ցանկացած այլ բնույթի շահումով խաղերից եկամուտներ ստանալու դեպքում, վերջիններս կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող Կողմի պետությունում:
Պարզեցվել են տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, մասնավորապես բանկային կամ այլ ֆինանսական հաստատությունների տրամադ-րության տակ գտնվող տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը:
Նշեմ, որ Հայաստանի և Հունսատանի միջև ապրանքաշրջանառությունը 2011 թվականից նվազման միտում է դրսևորում: Եթե 2011 թվականին այն կազմել է 60 մլն 885.6 հազար դոլար, որից 60 մլն 760 հազարը՝ ներմուծումը, ապա 2014 թվականի տվյալներով ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջև կազմել է 15 մլն. 585.2 հազար դոլար, որից արտահանումը՝ ընդամենը 59.2 հազար: Արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ: Ներմուծվող ապրանքների ցանկը ավելի բազմազան է և ներառում է սարքավորումներ, վառելանյութեր, նավթ, մշակաբույսեր, կահույք և այլ:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նշված համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականին, Աբու Դաբի քաղաքում: Սակայն հիմք ընդունելով համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տնտեսական և ներդրումային ոլորտի զարգացումները` էմիրաթական կողմից առաջարկվել է համաձայնագրի նոր` փոփոխված նախագիծ, որը լրամշակվել է պայմանավորվող կկողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում:
Այն սահմանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Արտաքին գործերի նախարարության կայքէջում առկա տվյալների համաձայն 2012 թվականին Հայաստանի և Էմիրությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմել է 260 մլն 947.8 հազար դոլար, որից արտահանումը՝ 5 մլն 850.2 հազար:
Միջպետական համաձայնությունները կարևոր են տնտեսական համագործակցության փոխշահավետ և կանխատեսելի հիմքեր ստեղծելու տեսանկյունից: Այն յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն: Միջպետական պայմանագիրը այն իրավական հարքակն է, որը կնպաստի երկու պետությունների միջև կապիտալի հոսքին, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի զարգացմանը: