31 տարեկան տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղքատ ընտանիքի 13-ամյա աղջկա հետ. Ժամանակ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Ալեքսանդրը 2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Մայայի (անունը փոխված է) հետ: Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախկինում Ալեքսանդրը հասցրել է հինգ անգամ դատվել հայաստանյան դատարաններում, մի անգամ էլ Ռուսաստանում՝ 2013 թվականին:
Անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու այս գործով հաստատված է համարվել հետևյալը:
Ալեքսանդրը հայաստանյան վերջին պատժից ազատվել է 2012 թվականի հուլիսի 27-ին: Նա Տաշիր քաղաքում ծանոթացել է անչափահաս՝ 13 տարեկան Մայայի հետ:
31-ամյա տղամարդը համակրել է դեռահաս աղջկան ու նրա հետ մտերմություն է արել «ամուսնության նպատակով»:
Իր մտադրության մասին նույնիսկ հայտնել է Մայայի մայրիկին ու տատիկին, ովքեր դեմ չեն եղել, որ Մայան հանդիպի Ալեքսանդրի հետ՝ պայման դնելով, որ Մայան կարող է ամուսնանալ դպրոցն ավարտելուց հետո…
Ալեքսանդրի ու Մայայի մտերմությունը շարունակվել է: Աղջիկը հաճախ է գնացել Ալեքսանդրի բնակարան:
Հերթական այցելության ժամանակ Ալեքսանդրը Մայային հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Իսկ դրանից առաջ ցանկանում է, որ իրենք սեռական հարաբերություն ունենալ: Մայան դեմ չի եղել: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել այդ օրը ու հետագա օրերին՝ առնվազն՝ 10 անգամ: Սեպտեմբերի վերջին Ալեքսանդրը մեկնել է Ռուսաստան՝ մոռանալով Մայայի հետ ամուսնանալու ցանկության մասին:
Ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Մեղադրողը, տուժողը և նրա օրինական ներկայացուցիչը չեն առարկել արագացված կարգի կիրառման դեմ:
Դատարանը հաշվի է առել, որ Ալեքսանդրը, իմանալով, որ Հայաստանում հետախուզման մեջ է, կամովին Ռուսաստանից եկել է Հայաստան՝ նախապես իր գալստյան մասին հայտնելով ոստիկաններին: Նա բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:
Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Ալեքսանդրի կողմից: