Գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական համագործակցությունն ակտիվացել է. ՀՀ գյուղնախարար
Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս մասին հյատնել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
ՀՀ ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են , որ Սերգո Կարապետյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել:
«Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել»,-նշել է նախարարը:
Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնել:
Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: