Սահմանային միջադեպերն առաջիկայում կշարունակվեն. քաղաքագետ
“Ադրբեջանն այդ կրակոցներով, սադրանքներով փորձում է նախ լուծել իր ներքին հարցերը, իսկ հետո իր համար ավելի կարեւոր է ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ”:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի վրա օրերս տեղի ունեցած կրակոցների մասին, ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ նման սադրիչ գործողությունները, որպես կանոն, բուռն ընթացք են ստանում այն ժամանակ, երբ դրսից ինչ-որ կարեւոր հյուր է գալիս մեր տարածաշրջան: “Հիշենք 2012-ի հունիսի 4-8-ին սահմանի վրա չդադարող կրակոցները, հենց այն 4 օրերի ընթացքում, երբ այստեղ էր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը”,-նկատեց քաղաքագետը:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ առաջիկայում սահմանի վրա լարվածությունը կշարունակվի: Նա նշեց, որ բարեբախտաբար, մեր բանակը բավականին մարտունակ է նման հարձակումներին դիմակայելու համար:
Լեւոն Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սեփական ժողովրդից թաքցնել ճշմարիտ իրավիճակը` աղավաղելով փաստերը: “Մենք անուն առ անուն գրանցում ենք ադրբեջանցի զոհերին եւ եթե նրանք նույնիսկ փորձեն խաբել, ապա մենք գրանցած տվյալներով կարող ենք նրանց հակառակն ապացուցել: Դա կարեւոր է, քանի որ ժողովուրդը զոհերի քանակով է հասկանում` իրականում ինչ իրավիճակ է”,-նշեց բանախոսը:
Քաղաքագետի դիտարկմամբ` եթե առաջիկա 2-3 տարվա ընթացքում տարածաշրջանում որեւէ “ֆորսմաժորային” իրավիճակ չլինի, օրինակ` պատերազմ Իրանի հետ, ապա Հայաստանը առանց պատերազմի կանցկացնի առաջիկա տարիները: Իսկ սահմանային միջադեպերը դեռեւս կշարունակվեն, քանի որ, ըստ նրա, դեռեւս վերջնական կնքված չէ խաղաղության պայմանագիրը: