Արտասահմանցի ներդրողները Թուրքիայից հանում են իրենց կապիտալը
Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ինչպես նաև ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի տվյալներով նախորդ տարվա ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից մոտ 15 մլրդ դոլար գումար են դուրս բերել: Ընդ որում՝ 9 միլարդ 394 միլիոն դոլարը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ թուրք գործարարներին, գրում է Ermenihaber.am-ը:
Իսկ փոխարժեքի տատանումներից արտասահմանցի ներդրողները կորցրել են 40 մլրդ դոլար: Մինչ 2014 թվականին արտասահմանցի ներդրողներին պատկանող արժեթղթերի ընդհանուր արժեքը կազմել էր 113 մլրդ 5 մլն դոլար, 2015 թվականին այդ գումարը եղել է 72 մլրդ 800 մլն դոլար:
Ըստ նույն աղբյուրի՝ 2015 թվականին նվազել է նաև Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստային ֆոնդը: 2014 թվականին այն կազմել էր 126 միլարդ 450 միլիոն, բայց 2015 թվականին նվազել էր ռեկորդային մոտ 15 միլիարդ 900 միլիոնով՝ կազմելով 110 մլրդ 529 մլն դոլար: 2.5 մլրդ դոլարով նվազել է բանկի ոսկու պահուստային ֆոնդը, 13.4 միլիարդով՝ արժութային պահուստները:
Նշվում է, որ կապիտալի արտահոսքին զուգընթաց աճում է արտաքին պարտքը: Թուրքիայում մասնավոր հատվածը ունի մոտ 289 միլիարդ դոլար, իսկ հանրային հատվածը՝ 115 միլիարդ արտաքին պարտք: 2016 թվականին վճարման ենթակա գումարը կազմում է 172 մլրդ 700 մլն դոլար: