Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում
Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը:
Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադեւոսյանը “Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարան” ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմում, ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: “Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաեւ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ մեր նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ”,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանությունը համայն հայության պարտքն է, ուստի անչափ կարեւոր է Սփյուռքի մասնակցությունն այդ սուրբ գործին:
Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր եւ թենիսի հարթակ, ինչպես նաեւ մրգատու այգի ու ծաղկանոց:
Նախագծի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմը ներկայացվում է հանրության ուշադրությանը