Դանակով ՝ պարանոցին. Սերյոժան դեռ վերակենդանացման բաժանմունքում է
«Սերյոժան արտակարգ լավ ու համեստ տղա է: Ջիգյարով ու լավ ընտանիքի տղա է: Երեք եղբայր են ու ինքը ավագն է: Ամուսնացած է՝ ունի երկու երեխա»,-փետրվարի 17-ին դանակահարված Սերյոժա Խաչատրյանին այսպես բնութագրեցին Եղվարդ քաղաքի բնակիչները` ցնցված տեղի ունեցածից:
Սերյոժա Խաչատրյանին ճանաչողները նշում են, որ նա կռվարար չի. «Իր ընտանիքին նվիրված երիտասարդ է: Վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Եղբայրներով շատ կապված են ու կյանք կտան իրար համար»:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Սերյոժային առաջին հարվածը հասցվել է պարանոցի շրջանում. նա բավականին արյուն է կորցրել: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սերյոժա Խաչատրյանի եղբորը պատկանող ավտոտեխսպասարկման արհեստանոցում: Վիճաբանության պատճառները հայտնի չեն, քանի որ տուժողները ի վիճակի չեն խոսել:
Դանակահարված մյուս երիտասարդը` Ռոլանդ Ռաֆայելյանն աշխատել է որպես էլեկտրիկ:
Հիշեցնենք, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ: Վերջիններս մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ՝ սուր կտրող-ծակող առարկայից:
Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն եղել դեպքի վերաբերյալ տեղեկություններ հողարդել:
Փաստի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին ձերբակալվածներ չկան: