Մեղրու անցակետում ‹‹տամոժնի սամասուդ›› են անում. Հրապարակ
Ամբողջ աշխարհը` Ճապոնիայից մինչեւ Ֆրանսիա, խանդավառված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տասնյակ տարիներ կիրառված պատժամիջոցների վերացմամբ, բացառությամբ Հայաստանի: Մանավանդ` Հայաստանի Մեղրու անցակետում որոշել են ավելի խստացնել պատժամիջոցները: Ավելի ստույգ` այստեղ նոր պատժամիջոց են մտածել, այնպիսին, որ հավասարապես պատժվեն թե ԻԻՀ, թե ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները: Մենք դա կանվանեինք ախպերապատժամիջոց, բայց քանի որ կիրառվում է ինքնագլուխ կերպով եւ առանց ՀՀ իշխանություննների գիտության` մենք այն կկոչենք ‹‹տամոժնի սամասուդ››:
Ինչ են արել: Որոշել են, ու ՀՀ-ԻԻՀ սահմանն անցնողներից լրացուցիչ 1000-ական դրամ գանձել: Այդ մասին, բնականաբար, անցակետի որեւէ տեսանելի վայրում հատուկ հրահանգ չկա փակցված, փոխարենը կան բոլոր պայմանները, որ մարդիկ այդ 1000-ական դրամները տան, միայն թե հոգիներն ազատեն հայ տամոժնիկներից:
Ով գոնե մեկ անգամ օգտվել է այդ անցակետի ծառայությունից, կհաստատի, որ եթե տուրիստական խմբի ղեկավարը բոլորի անձնագրերը եւ ելքումուտքի համար նախատեսված 3000-ական դրամները, գումարած եւս 1000-ական դրամ մուտք չանի տամոժնիկին, գործը գլուխ չի գա, եւ ժամերով, գուցե եւ օրով կմնան անցակետի պատերի տակ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: