Կնքահայրը մեկն է. Հայաստանի մասոնները
”Այստեղ իսկապես հավաք է եղել, իրենք ընտրել են այս տարածաշրջանի իրենց պաշտոնյային, ով ևս իրավունք ունի անդամություն ընդունել”,-սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում բացահայտեց 2011-ին Երևանում տեղի ունեցած մասոնների հավաքի որոշ մանրամասները:
‘Ես միայն մեկ հոգու գիտեմ, որ մասնակցել է, դա իմ ծանոթներից է, չեմ կարող ասել, թե ով է եղել”,-ասաց Ադիբեկյանը` չհերքելով եւ չհաստատելով հավաքին “Ժառանգության” առաջնորդի մասնակցությունը:
”Ազնիվ խոսք` եթե նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մասոն է, Հայաստանում նրան դժվար ընդունեին: Ես չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ դա նրա անձնական գործն է”,-ընդգծեց սոցիոլոգը:
Հիշեցնենք, այսօր ասուլիսում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ կազմակերպության անդամ է և խորհուրդ է տվել Ադիբեկյանից իմանալ, թե ովքեր են ներկա եղել մասոնների երեւանյան հավաքին:
Սոցիոլոգի տեղեկություններով` Հայաստանում գործում է մասոնների 3 օթյակ ռուսական, ֆրանսիական և ամերիկյան: Հայաստանում, սոցիոլոգի տեղեկացմամբ, մասոնների թիվն այդքան էլ շատ չէ. գործում է 2-3 ակումբ, որից յուրաքանչնյուրն ունի մոտ 20 անդամ:
”Հայաստանում իրենք դժվար թե եղանակ ստեղծեն, ուղղակի իրենք փոխօգնում են միմյանց, աջակցում են, ֆինանսապես կարողանում են օգնել, որ իրենց ընկերը տվյալ երկրում լավ դիրքեր գրավի, ու իրենց նպատակը դրախտը երկրում ստեղծելն է, ոչ թե երկնքում”,-պարզաբանեց սոցիոլոգը:
Ադիբեկյանը հերքեց մեր տեղեկությունը, որ ինքը ևս այդ կազմակերպության անդամ է: ”Ես ուղղակի պարտավոր եմ իմանալ այդ գաղափարական հոսանքների մասին, ես ”Ռոտարի” ակումբի հիմնադիրներից եմ, միշտ շփոթում են: Հայաստանում մի հատ մասոն կա Ահարոն անունով, բայց այդ Ահարոնը ես չեմ”,-շեշտեց սոցիոլոգն ու հավելեց.
”Մասոնները միշտ մի նշան են ունենում, որոնցով կարելի է նրանց ճանաչել` դա կոստյումի թևի վրա փոքր նշան է լինում մի կես քառակուսի սանտիմետրի չափով”: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մասոնների նկատմամբ բացասական, մարդկանց “սարսափած” վերաբերմունքը, նա պատասխանեց.
”Սարսափելի չէ: Բացասական տրամադրվածությունը գալիս է նրանից, որ այդ կազմակերպությունների հովանավորը հիմնականում ԱՄՆ-ն է: Բացի այդ, դա երկրորդ պետություն է պետության ներսում: Նրանք շատ երկրներում իշխում են, շատ երկրներում կայսրերը եղել են նրանց անդամներ: Ռուս դեկաբրիստները բոլորը մասոն են եղել` 2 օթյակի ներկայացուցիչ, իսկ պատմագրությունն այդ մասին ամոթխած մոռանում է”: