Երբ պոռնոգրաֆիան գրականություն է դառնում
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նաև Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Մեր իրականության մեջ կարծիքներ են հնչում, թե այսօր երիտասարդները կամ գիրք չեն կարդում, կամ էլ կարդում են շատ քիչ՝ այն, ինչը ծրագրային է:
Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ իրենց տեսակետներով կիսվեցին Ավ. Իսահակյանի գրադարանի Հասարակայնության հետ կապերի ու միջոցառումների բաժնի ղեկավար Մարինե Ղազարյանը, արդի հեղինակներ Գոռ Հարությունյանը և Գրիգը:
Մարինե Ղազարյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե երիտասարդներն ընթերցասեր չեն ու հիմնականում իրենց ժամանակը տրամադրում են համացանցին:
‹‹Մեր գրադարան եկող ուսանողները ընթերցասեր են: Արդի հեղինակներից շատ են կարդում Արամ Պաչյան, Գրիգոր Ջանիկյան, Էդուարդ Խաչիկյան, Գոռ Հարությունյանի ‹‹Կոլապս››-ը ևս շատ պահանջված է: Արտասահմանյան գրականության մասին խոսելիս պետք է ասեմ, որ ընթերցողները առավելապես կարդում են Ստենդալ՝ հատկապես նրա ‹‹Կարմիրն ու սևը›› ստեղծագործությունը: Շեքսպիրը ևս պահանջված ու սիրված հեղինակներից է››, -նշեց Մարինե Ղազարյանը:
Արդի գրականության մասին. գրականագետներից շատերը բազմիցս նշում են, որ սեռականությունը ներխուժել է գրականություն, այսինքն՝ այսօր կան հեղինակներ, ովքեր անտեսելով գեղագիտական կողմը՝ պատեհ-անպատեհ առիթներով նկարագրում են բաց ու գռեհիկ, պոռնոգրաֆիկ տեսարաններ:
Անդրադառնալով այս խնդրին՝ Գոռ Հարությունյանը, հղում անելով Գրիգոր Զոհրապին, նշեց, որ գրականությունը բարոյական կարող է լինել կամ չլինել իր նպատակով: ‹‹Գեղագիտւթյան սահմանները՝ բաց կամ փակ տեսարանը, պայմանական բաներ են, բայց հարկ է հիշել՝ գրականությունը կոնցեպցիա է, որն իր հետևից տանում է ընթերցողին: Գրողը պիտի հիշի այս հանգամանքի մասին:
Այսօրվա ընթերցողը վաղվա գիտնականն է, պատգամավորը: Որոշ գրականագետներ, ցավոք, սա չեն ընկալում ու գրականությունից հանում են ոգին: Արդյունքում մնում է լոկ տեքստ: Հետո հենց այդպես էլ հորջորջում են գրականությունը՝ ‹‹տեքստ››: Գրականությունը տեքստ չէ: Գուցե ունի տեքստայնություն, բայց գեղարվեստական գրականությանն ասել տեքստ, կնշանակի արջի ծառայություն մատուցել ու կեղտոտ վերաբերմունք ունենալ գրականության նկատմամբ››:
Անդրադառնալով մեր գրականության մեջ առկա խնդիրներին՝ Գրիգը նշեց, որ անշուշտ, կան խնդիրներ, բայց, միաժամանակ, հարկ է նայել նաև մեդալի մյուս կողմին:
‹‹Լինում են դեպքեր, երբ գրողը ստըեղծագործում է մեր երկրում, բայց նրան չեն նկատում: Հետո գնում է արտերկիր, նրան այնտեղ նկատում են, ու միայն դրանից հետո այդ հեղինակին սկսում են գնահատել մեր երկրում: Մեր արձակն ու պոեզիան այսօր բազմազան է: Սա դրական երևույթ է: Արդի հեղինակներից շատերին այսօր ընթերցում են: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի իմ գիրքը ևս եղել է ամենաընթերցված գրքերից մեկը: Անշուշտ, դա շատ ոգևորող է:
Բայց, չմոռանանք, որ առանց ֆինանսական աջակցության ստողծագործող մարդը չի կարող ասպարեզ դուրս գալ: Թող զարմանալի չհնչի, բայց գիրքը ևս ունի գովազդի կարիք››: