18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի քննությունն սկսվել է

2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է գործի էական հանգամանքների և դիմումի ընդունելիության վերաբերյալ հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի մասին տեղեկացրել է Արթուր Բադալյանի ներկայացուցիչ` «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանին:

Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 թվականի մայիսի 9-ին Արթուր Բադալյանն իր 4 ընկերների հետ մեկնել է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա անտառ՝ ծառի սունկ հավաքելու և, մոլորվելով անտառում, գերի ընկել Ադրբեջանի Հանրապետությանը: Դիմումատուի գերի ընկնելու մասին Հայաստանի Հանրապետությունում անմիջապես չեն իմացել և Արթուր Բադալյանին համարել են անհայտ կորած: Մինչև 2010 թվականի նոյեմբեր ամիսը ադրբեջանական կողմը հերքել է Արթուր Բադալյանի՝ իրենց մոտ գտնվելու փաստը:

Միայն 2010 թվականի նոյեմբերի 8-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով տեղեկություն է ստացվել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները 2010 թվականի նոյեմբերի 5-ին այցելել են Արթուր Բադալյանին Բաքվի  ռազմական ոստիկանության մեկուսարաններից մեկում, ինչի մասին տեղեկացվել է Տավուշի քննչական բաժանմունքը: 2011 թվականի մարտի 17-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների փոխանակում: Փոխանակման արդյունքում հայկական կողմին է հանձնվել Արթուր Բադալյանը:

Արթուր Բադալյանն Ադրբեջանի Հանրապետությունում 22 ամիս գերության ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների և զինվորականների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, որի ժամանակ նրան երեսով դեպի հատակը գետնին գցած վիճակում հիմնականում հարվածել են ոտքերին, որի արդյունքում նա երկար ժամանակ իր ոտքերը չի զգացել և չի կարողացել քայլել, նրա մատներին էլեկտրական հոսանք են միացրել և այդպես ցավեր պատճառել, նրա խցի դուռը անընդհատ մետաղյա իրերով թակել են, ինչի արդյունքում նա մինչ այժմ ձայներ է լսում, նրան հիմնականում քաղցած են պահել, թույլ չեն տվել զուգարանից օգտվել, այդ պատճառով նա ստիպված խցում է զուգարան գնացել և այլն:

Ադրբեջանական իշխանությունները՝ ի դեմս հատուկ ծառայությունների և զինվորականների, պնդել են, որ Արթուր Բադալյանը հանդիսանում է զինվորական, նրանք խոշտանգումների միջոցով փորձել են նրանից ռազմական նշանակություն ունեցող արժեքավոր տեղեկություններ ստանալ, ինչը բնականաբար տեղի չի ունեցել՝ այն պարզ պատճառով, որ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է, սովորական գյուղացի, ով որևէ ռազմական կամ այլ պետական տեղակատվության չի տիրապետում:

Արթուր Բադալյանը պնդում է, որ Ադրբեջանական իշխանությունները՝ ի դեմս հատուկ ծառայությունների և զինվորականների, երկար ժամանակ իրեն ենթարկել են խոշտանգումների, անմարդկային դաժան վերաբերմունքի, որը մեղմացել է այն ժամանակ, երբ նրանք համոզվել են, որ գործ ունեն քաղաքացիական անձի, սովորական գյուղացու հետ, ով ոչ մի կապ չունի ռազմական գործի հետ:

Խոշտանգումների արգելումը նախատեսված է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը ադրբեջանական կողմը խախտել է՝ Բադալյանին 22 ամիս շարունակաբար խոշտանգելով:

2011 թվականից մինչ օրս Արթուր Բադալյանը տառապում է լուրջ հիվանդություններով, պարբերաբար ստանում ստացիոնար բուժում հիվանդանոցներում: Այդ հիվանդությունները գերության մեջ կրած անմարդկային տառապանքների ուղղակի հետևանք են:

Արթուր Բադալյանը պնդում է, որ իր գերեվարման առաջին օրվանից մինչև հայկական կողմին հանձնելը երբևէ Ադրբեջանի իրավասու դատարանի առջև չի կանգնել, նրա ազատությունից զրկելու հարցը որևէ դատարանում չի քննարկվել և նա շուրջ 22 ամիս ազատությունից զրկված է եղել առանց Ադրբեջանի իրավասու դատարանի որոշման:

Նա նաև պնդում է, որ որևէ իրական հնարավորություն չի ունեցել իր ազատությունից զրկված լինելու և պարբերաբար խոշտանգումների ենթարկվելու հանգամանքը Ադրբեջանի իրավական պաշտպանության միջոցներով կամ դատական կարգով վիճարկելու համար: Այսպիսով խախտվել է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-4 կետերը:

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հետևյալ հարցադրումներն է հղել Ադրբեջանի կառավարությանը` սահմանելով 2016 թվականի մարտի 8-ը որպես վերջնաժամկետ հարցերի պատասխանները ներկայացնելու համար.

  1. Արդյո՞ք դիմումատուի ազատությունից զրկումը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Մասնավորապես, 2009 թվականի մայիսի 9-ից 2011 թվականի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում նրա ազատությունից զրկումը համապատասխանե՞լ է արդյոք մատնանշված 5-րդ հոդվածի 1-ին մասի որևէ ենթակետին:
  2. Արդյո՞ք դիմումատուն իրեն հասանելի լեզվով տեղեկացվել է իր ազատությունից զրկվելու պատճառների և առաջադրված մեղադրանքի մասին, ինչպես դա պահանջում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ մասը:
  3. Արդյո՞ք դիմումատուն տարվել է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, ով օրենքի ուժով լիազորված է դատական գործառույթներ իրականացնել, ինչպես դա պահանջվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
  4. Արդյո՞ք դիմումատուին հասանելի են եղել արդյունավետ մեխանիզմներ, որոնց միջոցով վերջինս կարող էր վիճարկել իր կալանավորման օրինականությունը, ինչպես դա պահանջում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:
  5. Արդյո՞ք դիմումատուն ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, որի արգելքը նախատեսված է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

Ադրբեջանի կառավարության ներկայացրած պատասխանները կուղարկվեն ՀՀ Կառավարությանը, որն այս գործի շրջանակներում ներգրավվել է որպես երրորդ կողմ, և Արթուր Բադալյանի ներկայացուցչին` իրենց դիտարկումները ներկայացնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ