Ով է ԱԱԾ նորանշանակ պետը. ուշագրավ մանրամասներ. Հայկական Ժամանակ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին:
Դա բնակարան է երկհարկանի մի շենքում (ձախ նկարում): Մեզ հետ զրուցած հարեւանների մի մասն ասում էր, որ Կուտոյաններին է պատկանում ընդամենը մեկ մուտք ունեցող այդ շենքի ամբողջ առաջին հարկը, մյուսները նշում էին, որ հարկի միայն կեսն է նրանցը: Շենքին կից նաեւ երկհարկանի մի կառույց կա (աջ նկարում), որն, ըստ տարածքում ապրող մարդկանց, նույնպես Կուտոյաններին է պատկանում, որտեղ, սակայն, ապրելու հարմարություններ չկան, եւ ընտանիքն այստեղ միայն ամառներն է որոշակի ժամանակ անցկացնում:
ԱԱԾ նորանշանակ տնօրենն այստեղ է ծնվել ու մեծացել: Ապրում է պապի, ծնողների եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ: Պապը, որի անունն է կրում ինքը, ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել, տատը նույնպես մանկավարժ է եղել: Իսկ ահա հայրը եւ հորաքույրը բժիշկներ են: Ի դեպ, հարեւաններն ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հորաքրոջ ամուսինը «հարկայինի պետ Արմենն է»: Թե ինչ Արմենի մասին է խոսքը, նրանք ավելին չգիտեին:
Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում: Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի: Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում: Միեւնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել եւ չունեն: Դպրոցական տարիքում, ըստ հարեւանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների:
«Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել»,- ասաց հարեւաններից մեկը: Հետագայում նույնպես նրան մոտիկից ճանաչելու առիթ չեն ունեցել, որովհետեւ մեկնել է արտերկիր՝ սովորելու: Այժմ էլ առավոտյան տեսնում են աշխատանքի գնալիս, երեկոյան՝ վերադառնալիս: Իհարկե, հարեւաններին այդ ընթացքում բարեւում է, նրանց որպիսությունը հարցնում:
«Պադավատով է աշխատանքի գնում: Սկզբում «31» էր գալիս, հիմա արդեն՝ մի երկու ամիս կլինի, «Հունդայի» մեքենա է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Մեկ ուրիշն էլ տեղեկացրեց, որ բակի մի հատվածն ասֆալտապատվել է երիտասարդ Կուտոյանի շնորհիվ: «Երեւի նաեւ իր գրպանի հաշվին»,- ենթադրեց նա: Նշված բակն, ի դեպ, աչքի էր ընկնում փնթիությամբ՝ ցրիվ եկած աղբ, չորացած տերեւներ ու ծառի ճյուղեր: Այնտեղ նաեւ բազում կատուներ էին ապրում, ու ավելի քիչ՝ շներ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում 35-ամյա Գեորգի Կուտոյանի նշանակումը հարեւանների կամ նրա հետ նույն բակում ապրողների համար անակնկալ չի եղել: «Զարմանալի չէ, խելոք, համեստ երեխա էր»,- պատճառաբանեց մեր զրուցակիցներից մեկը, մի ուրիշն էլ ավելացրեց. «Գիտեինք, սպասում էինք, որ մի օր բարձր պաշտոն կստանա, ինքը շատ խելացի է»: «Արժանի է: Թե պաշտոնը ոնց կփոխի, մի տարի հետո եկեք, կասենք»,- առաջարկեց երրորդը՝ միեւնույն ժամանակ տարակուսելով, թե մեր օրերում համեստ ու բարի մարդուն ինչո՞ւ պետք է նշանակեին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: