Մահացու վթար. 24-ամյա Ալլայի ուշադրությունը շեղել է ոտքերի արանքից հնչող բջջայինի զանգը. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ալլա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ 24-ամյա Ալլան, չունենալով վարորդական իրավունք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 45-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԲՄՎ» մեքենայով մոտ 80 կմ/ժ արագությամբ դեպի Գյումրի է ընթացել:
«Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց նա խախտել է երթևեկության անվտանգության մասին օրենքի պահանջները՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի ձախ մասով բախվել է Հովհաննես Ե.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայի ձախ հատվածին՝ անզգուշությամբ առաջացնելով այդ մեքենայի վարորդի՝ Հովհաննես Ե.-ի մահը:
Ալլա Ս.-ն նախաքննության ընթացքում և դատարանում իրեն մեղավոր է ճանաչել:
Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ի սահմաններում իր ծանոթ Սարգսի հետ, նրա մեքենայով ուղևորվել է Գյումրի:
Մեքենան վարել է Սարգիսը:
Մաստարա գյուղի գազալցակայանի մոտ ինքը, չնայած վարորդական իրավունք չուներ, խնդրել է, որ նստի ղեկի մոտ: Սարգիսը թույլ է տվել:
Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ իր բջջային հեռախոսին զանգ է եկել: Ինքը հայացքն ուղղել է հեռախոսին, շեղել է ուշադրությունը և հանկարծ կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել է «ՎԱԶ-2101» մեքենային: Այդ մեքենայի վարորդը տեղում մահացել է:
Ալլան նշել է, որ ինքը ճանապարհի հանդիպակաց ուղեգոտիով ընթացող մեքենան չէր նկատել: Վթարին նախորդող պահին մեքենան վարել է 80-90 կմ/ժ արագությամբ:
Ալլան զղջացել է կատարածի համար, հատուցել է պատճառած նյութական վնասը:
Տուժողի իրավահաջորդը՝ մահացած վարորդի կինը, հայտնել է, որ դեպքի օրը, ժամը տասի սահմաններում ամուսինը տանից դուրս է եկել ու իր մեքենայով ուղևորվել է Երևան:
Ինքը մի քանի անգամ զանգահարել է ամուսնուն, որ իմանա, թե ուր է հասել:
Ժամը 11:30-12:00-ի սահմաններում ամուսինն իր զանգերին չի պատասխանել: Իսկ վերջին զանգին պատասխանել է մի անծանոթ, ով հայտնել է, թե ամուսինը վթարի է ենթարկվել ու տեղափոխվել Մարալիկի հիվանդանոց:
Տուժողը ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ, քաղհայց չի ներկայացրել, խնդրել է ամբաստանյալին մեղմ պատժել:
Վկա Սարգիսը հայտնել է, թե իր ծանոթուհի Ալլայի հետ իր մեքենայով դեպքի օրը ընթանում էին դեպի Գյումրի:
Մաստարա գյուղի գազալցակայանի մոտ Ալլան խնդրել է, որ թույլ տա՝ վարել մեքենան: Ինքը գիտեր, որ Ալլան վարորդական իրավունք չունի, սակայն չի կարողացել նրան կտրուկ մերժել ու ի վերջո թույլատրել է նստել ղեկի մոտ:
Ալլան մեքենան վարել է 80 կմ/ժ արագությամբ: Նրա բջջային հեռախոսը դրված էր նրա ոտքերի արանքում: Մեկ էլ հանկարծ այդ հեռախոսին զանգ է եկել:
Ինքը այդ ժամանակ ճանապարհին չի նայել, մի քանի վայրկյան անց է նայել ու տեսել է, որ իր մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և արդեն հարվածում է այդ գոտիով ընթացող «01»-ին: Ինքը փորձել է շեղել մեքենայի ուղղությունը, ձեռքը գցել է ղեկին, բայց արդեն ոչինչ անել չի հասցրել, ու բախումը տեղի է ունեցել:
Դրանից հետո եկել է շտապօգնությունը, իրեն ու Ալլային տեղափոխել են հիվանդանոց: «01»-ի վարորդը, ցավոք, մահացել է…
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող Հովհաննես Ե.-ն վթարի հետևանքով ստացել է գլխի փափուկ հյուսվածքների և ուղեղի արյունազեղումներ, կողերի կոտրվածքներ, թոքերի պատռվածքներ, լյարդի և փայծաղի պատռվածքներ, ողնաշարի կրծքային հատվածի պոկում, ազդրի ու նախաբազկի փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սակավարյունություն:
«ԲՄՎ»-ում գտնվող Սարգիսը ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ դաստակի ու ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Ալլա Ս.-ն ստացել է առողջության միջին ծանրության վնաս՝ ձախ ոտնաթաթի փակ, առանց տեղաշարժի կոտրվածք:
Բախման հետևանքով վնասվել ու դեֆորմացվել է «01»-ի տանիքը, բեռնախցիկի կափարիչը, բացակայել են դիմապակին, աջ անվաթևը, ձախ կողմի առջևի ու հետևի դռները…
Ընդհանուր իրավասության դատարանը Ալլա Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Դատարանը հաշվի է առել, որ Ալլայի խնամքին է մանկահասակ՝ 3 տարեկան երեխան, ինչպես նաև նկատի է առել, որ տուժողի իրավահաջորդը չի բողոքել, քաղհայցի պահանջ չի ներկայացրել, նա խնդրել է մեղմ պատժել ամբաստանյալին:
Ալլա Ս.-ն դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ՝ հիմնական պատժի մասով, կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազը:
Վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Կ. Գաբրիելյանը հիմնավորեց իր բողոքը, նշեց, որ անթույլատրելի է համարում Ալլա Ս.-ի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը, դա համարում է դատական սխալ, կարծում է, որ այս արարքի համար ամբաստանյալը պետք է իրական ազատազրկման ենթարկվի: Դատախազը միջնորդեց Ալլա Ս.-ին մեղավոր ճանաչել, դատապարտել 2 տարի իրական ազատազրկման՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
Ալլա Ս.-ն, ով հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքից, կարճ ելույթ ունեցավ: Նա ասաց, թե խորապես զղջում է կատարվածի համար, հատուցել է տուժող կողմին պատճառած նյութական վնասը: Խնդրեց, որ վերաքննիչ քրեական դատարանն իր նկատմամբ մեղմ վարվի՝ անփոփոխ թողնի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և մերժի դատախազի բողոքը:
Ալլան նշեց, որ մանկահասակ՝ երեքուկես տարեկան երեխա ունի, հավելեց նաև, որ ամուսինը 2-րդ խմբի հաշմանդամ է: Նա միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել, որ ամուսնու հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնի դատարան:
Վերաքննիչ դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին մեկ անգամ ևս կծանուցվի տուժողի իրավահաջորդը, ով այս նիստին դատարան չէր ներկայացել: