Որտեղից է փչում ստոմատոլոգների դեմ քամին
Այս քամին ուրիշ տեղից է փչում: Որոշ անձինք ստեղծում են ստոմաատոլոգիայի համացանցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Վանցյանը: Նա չցանկացավ անուններ նշել, քանի որ դեռ հստակ տեղեկություն չունի: Նրա համոզմամբ՝ արտերկրից բավական մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվում Հայաստան և մեծ կլինիկաներ են ստեղծվելու:
Ստոմատոլոգը նշեց, որ խոսակցություններ կան, որ Երևանում հարկումը կիրականացվի 60 000 դրամով, իսկ մարզերում`40 000: Հարկային փոփոխությունների արդյունքում, ըստ Արմեն Վանցյանի, երիտասարդ մասնագետները կմնան առանց աշխատանքի, իսկ մասնագետների մյուս մասը կարտագաղթի:
Արմեն Վանցյանը տեղեկացրեց, որ ստոմատոլոգները և իրենց ընտանիքները նախագահական ընտրություններում չեն ընտրելու Սերժ Սարգսյանին: “Կան մասնագետներ, ովքեր հունվար և փետրվար ամիսներին ոչ մի աշխատանք չեն իրականացրել, սակայն արդեն պետք է հարկ մուծեն, սակայն ինչ հաշվի`պարզ չէ”,-ասաց նա:
Հանդիպմանը ներկա Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ հաստատագրված հարկումը սխալ է,և պետք է եկամուտը, շրջանառությունը հարկվի:
“Սա հերթական հարվածն է փոքր և միջին ձեռնարկություններին: Դրանից հետո հերթը կանցնի անշարժ գույքի գործակալներին,տաքսու վարորդներին”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է: Իսկ ստոմատոլոգները շարունակում են պայքարել անցած տարեվերջին փոփոխված “Արտոնագրային վճարումների” մասին օրենքի դեմ, որով սահմանվում է, որ ստոմատոլոգները մեկ բոռ մեքենայի համար ամսական 80 հազար դրամ պետք է վճարեն: