Զոհված ազատամարտիկների մայրերն ու կանայք էլ
Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը կսատարի Սերժ Սարգսյանին: Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
“Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարևոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու և երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին: Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս և հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:
Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, և այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչև հրամանատար և Գերագույն գլխավոր հրամանատար:
Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը: Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ և ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:
Հետևաբար 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը”: