Սերժ Սարգսյանին խնդրեցին ամուսնացնել գյուղի տղաներին
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն առաջարկեց փոխել ձեւաչափը: Ըստ թեկնածուի` ինքը միշտ ներկայացնում է ապահով Հայաստանի իր պատկերացումները, որից հետո հանդիպումը շարունակվում է հարց ու պատասխանի տեսքով: Այս անգամ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախ պատասխանել հարցերին, հետո անցնել նախընտրական ծրագրին: Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը առավոտյան հասցրել է լինել Թաթուլ գյուղում, հանդիպել է գյուղացիների հետ եւ մարդիկ նախագահի հետ կիսվել են հոգսերով:
Նախագահի թեկնածուն լավ հասկանում է, որ գյուղում պետք է լինեն որակյալ ծառայություններ, պիտի յուրաքանչյուր գյուղ գազաֆիկացված լինի եւ սա էլ նախատեսում են անել առաջիկա տարիներին: Իհարկե, լավ տրամադրություն եւ աշխատանք նույնպես, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է: “Բայց հասկանում եմ` աշխատանքն էլ պիտի արդյունք ապահովի: Եթե չկա արդյունք, ուրեմն չկա տրամադրություն, ուրեմն չկա ապահով ընտանիք”,-մասնավորպես շեշտեց Սերժ Սարգսյանը:
Կարմրաշենի գյուղապետն էլ նախագահի թեկնածուին խնդրեց նորոգել իրենց գյուղի եւ մի քանի հարակից գյուղերի համայնքային ճանապարհները: “Պարոն նախագահ, դա նպաստում է նրան, որ գյուղերի երիտասարդները չեն ամուսնանում, ճանապարհ չկա, որ խնամիները մտնեն գյուղ կամ էդ գյուղից գնան աղջիկ ուզելու”,-ասաց գյուղապետը:
Սերժ Սարգսյանը հարցրեց, թե կոնկրետ իր ղեկավարած գյուղում քանի չամուսնացած տղա կա եւ պատասխանը` 50-60 հոգի լսելուց հետո ասաց, որ ճանապարհների նորոգման հարցը կքննարկվի: Նկատելով գյուղապետի մտահոգ հայացքը, թե նախագահը կարող է մոռանա, Սերժ Սարգսյանն ասաց.
“Մի անհանգստացեք, իմ օգնականները նստած են եւ բոլոր հարցերը գրում են: Չենք մոռանա”: