Դիվանագետը` նորաթուխ բլոգեր.ընտրական լարվածությունում ամեն ինչ հնարավոր է/վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարծիքով, ընտրություններն ինչ-որ առումով երկրի, հասարակության համար փորձություններ են: Թեկնածուն այս մասին խոսեց Արաբկիր-Քանաքեռ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը` նշելով, որ այդպիսի պահերին են առավել ցայտուն դրսեւորվում բոլորի ուժեղ ու թույլ կողմերը, ինչու չէ նաեւ նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս քողարկված երեւույթներ:
“Բնական է, որ այս օրերին կարելի է ամեն ինչ տեսնել. օրինակ` կարելի է տեսնել, թե օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը հանրային իր խոսքը ներկայացնում է որպես նոթաթուխ բլոգեր, ընդդիմադիրները քար ու փայտ են նետում իրար վրա` փորձելով պահել վաղուց արդեն կորցրած դիրքը:
Կամ թե ինչպես է քաղաքական կուսակցությունը հալածում իր անդամներին միայն նրա համար, որ սատարում են իրենց իսկ կուսակցության անդամին: Զավեշտալի բան է, բայց նախընտրական շրջանում շատ են լինում այդպիսի դեպքեր: Սա բնական է եւ ժամանակավոր: Շատ շուտով գալու է հանգիստ, առանց աղմուկի աշխատանքի ժամանակը: Մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու մեր երկիրը, հատ առ հատ լուծելու ենք բոլոր խնդիրները, արմատախիլ ենք անելու մեզանում առկա հոռի երեւույթները”,-ասաց նա:
Խոսելով ապահով Հայաստանի մասին` թեկնածուն կանգ առավ հատկապես առողջապահության ոլորտի վրա: Թեկնածուի բնորոշմամբ, այդ ծրագիրը ընդգրկում է բոլոր ոլորտները` պաշտպանությունից գիտություն, մշակույթից` արդարադատություն:
“Չկա ոլորտ, որն ուղղակի կամ միջնորդավորված կերպով չառնչվի քաղաքացիների ապահովությանը. բարեփոխումները փոխադարձաբար լրացնում են միմյանց: Ապահով Հայաստանի գլխավոր նպատակը հայտնի է, իսկ ապահով Հայաստանի հենասյունը ապահով հայրենիքն է”,-հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը: