ՀԱԿ-ը ՀԱԿ-ին վնաս չէ, իսկ ՀՀՇ-ի ՞ն
‘’Մենք հարգում ենք ցանկացած որոշում, մենք առաջարկելու ենք միավորվել, բայց եթե գտնվեն կուսակցություններ, որոնք չեն ցանկանա, իրենք էլ կորոշեն: Մենք հինգ տարվա նույն ճանապարհով ենք անցել եւ խնդիր չկա’’,-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Henaran.am-ի խնրանքով այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի այսօրվա հայտարարությունը, թե ՍԴՀԿ-ն, ամենայն հավանականությամբ ՀԱԿ կուսակցության մեջ չի մտնի:
Նշենք, որ նախօրեին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ էր հայտարարել, որ ՀԺԿ-ն մնում է ՀԺԿ:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ չի բացառում, որ ժամանակի ընթացքում այն ուժերը, որոնք այս պահին զերծ են մնում ՀԱԿ կուսակցության մեջ մտելուց, փոխեն իրենց որոշումը` տեսնելով նոր կառույցի գործունեության արդյունավետությունը: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ կուսակցության ստեղծման մասին որոշումը չի ընդունվել ՀԱԿ դաշինքը կուսակցության վերածելու նպատակով:
‘’Նման որոշում կարող էր լինել, եթե դաշինքի բոլոր ուժերը այդ մասին որոշում կայացնեին: Այս որոշումը ինքին ոչինչ չի փոխում Կոնգրեսի կառուցվածքի մեջ, դաշինքային հարաբերակցությունը չի փոխվում’’,-նշեց նա:
Լեւոն Զուրաբյանի խոսքով, այսօր երկու խնդիր է դրված`է ստեղծել եւ կայացնել ՀԱԿ կուսակցությունը եւ պահպանել դաշինքը: ՀԱԿ համակարգողն ասաց, որ Կոնգրես դաշինքում կարող էր մեկ ‘’մարդ կուսակցություն’’ տապալել քաղխորհրդի նիստը: Զուրաբյանը խոստովանեց, որ ‘’առաջ նման դեպքերը քիչ էին, հիմա շատացել են, երբ մեկ մարդ-կուսակցության պատճառով Կոնգրեսը չի կարողացել որոշում ընդունել’’, ուստի փորձ է արվում հնարավորություն տալ ‘առաջ շարժվել նրանց, ովքեր ցանկանում են առաջ շարժվել’’:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ կուսակցությունը դուրս գա ՀԱԿ դաշինքից, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց.’’ Իսկ դրա համար նախադրյալներ կա ՞ն’’ : Զուրաբյանը նման զարգացումը քիչ հավանական համարեց, բայց եւ նշեց, որ որեւէ բան բացառելը հիմարություն է:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ՀԱԿ անվանումն արդյոք նոր ստեղծվելիք կուսակցության եւ արդեն գոյություն ունեցող դաշինքի միջեւ խնդիրներ չի ստեղծի, Լեւոն Զուրաբյանը նկատեց.’’ՀԱԿ-ը Լեւոն Տեր Պետրոսյանի հեղինակային իրավունքն է, ինքն է ստեղծել այս շարժումը ինքն է առաջնորդը’’:
Համանուն կուսակցության եւ համանուն դաշինքի գոյությունը, Զուրաբյանի խոսքով, նաեւ իրավական խնդիր չի ստեղծում.’’ ՀԱԿ անունով գրանցված կուսակցություն կամ ՀԿ չկա եւ մենք առաջինն ենք ներկայացրել օրինական հայտ ‘’:
ԱԺ ՀԱԿ խմբակցության վրա էլ, ըստ Զուրաբյանի, նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությունը ազդեցություն չի կարող թողնել, եթե իհարկե, պատգամավորները չորոշեն դուրս գալ խմբակցությունից.’’ՀԱԿ խմբակցությունը դա ՀԱԿ դաշինքի խմբակցությունն է: ՀԱԿ կուսակցությունը ունենալու է որոշումների ընդունման կուսակցական մեխանիզմ , որը չի միջամտելու ՀԱԿ խմբակցության աշխատանքներին’’:
Henaran.am-ի խնդրանքով Զուրաբյանը մեկնաբանեց նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե ինքը դեմ է, որ ՀՀՇ-ն լուծարվի` մտնելով ՀԱԿ կուսակցության մեջ:
Արամ Մանուկյանը, հիշեցնենք, նպատակահարմար է համարում ՀՀՇ-ի վերակազմավորման տարբերակը: Մինչդեռ Լեւոն Զուրաբյաննն ասաց. ’’Դա բացարձակապես մեր որոշելու հարցը չի: Մենք ստեղծում ենք կուսակցություն, եթե ինքը մտնում է այս գործընթացի մեջ, ինքը պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է դա անում` կուսակցությունների մասին օրենքի պահանջների համաձայն’’:
Լեւոն Զուրաբյանը շեշետեց, որ սա ՀՀՇ-ի վերկազմակերպման, վերաձեւավորման պրոցես չէ.’’Սա, ՀՀՇ-ի վերակազմակերպման պրոցես չի, սա շարժման նոր իրողության ստեղծման արդյունք է: Հինգ տարվա պայքարի ընթացքում ստեղծվել է նոր իրողություն, նոր մարդիկ, որոնք անցել են պայքարի բովով եւ ցանկանում են ստեղծել կուսակցություն: Կուսակցությունը ստեղծվում է, եթե ՀՀՇ-ն համաձայն է , միանում է գործընթացին: Միանալու ձեւը ես չեմ կարող ասել եւ իմ գործն էլ չի’’:
Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Արամ Մանուկյանի այն դիտարկումը, թե ՀՀՇ-ն հայաստանյան քաղաքականության մեջ արժեք է եւ մեր այն հարցը, թե հաշվի առնելով այս հանգամանքը, Զուրաբյանն արդարացի կհամարի՞, որ ՀՀՇ-ն դադարի գոյություն ունենալ : Նա միայն ասաց, որ կարծում է, հնարավոր է գտնել այնպիսի ճանապարհ, որը մի կողմից կապահովի միավորման գործընթացը, մյուս կողմից կպահպանի բոլոր այն արժեքները, որի կրողն էր ՀՀՇ-ն: