Դեղերի շուկան մոնիտորինգի տակ է

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180):
Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ:
Հետագա դիտարկումների արդյունքներով 2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում:
Դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետությունում դեղերի գները ազատականացված են և ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ ԱՆ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ։