Արա դուք ո՞վ եք, որ ձեզ վրա կրակեն. Վահան Հովհաննիսյանը` Պարույր Հայրիկյանին
Արդյոք ընդդիմությունը կանաչ լույս վառեց իշխանության համար` հաստատելով վերջինիս վերընտրությունը, Վահան Հովհաննիսյանը նշեց. “Ի՞նչ կապ ունի կանաչ լույս ես վառել, թե չես վառել:
Կանաչ եւ կարմիր լույսը կանոնավոր վարորդների համար են: Կանաչի տակ քշում են, կարմիրի տակ կանգնում են, իսկ մեր երկրում բոլորը դեղին լույսով են շարժվում: Եվ այս ընթացքում ոչ միայն մենք ենք նկատել, այլ բոլորն են տեսնում եւ զարմացած են, որ իշխանության դեմ դրված չէ այնպիսի թեկնածու, որը կարող է միավորել բոլորին:
Արդյոք հնարավոր համարում է ընդդիմադիր թեկնածուների միավորումը: ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ Պարույր Հայրիկյանի կողմից առաջարկված գաղափարը շատ ճիշտ է, բայց չի կարծում, որ այդ թեկնածուներից մեկը կարող է հանել իր թեկնածությունը ինչ-որ մարդու օգտին:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, մասնավորապես` Հայրիկյանի կողմից հնչող վարկածին, որ այն իրականացրել է ռուսական կողմը` չեկիստները, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ եթե հստակ չգիտես, որ նման բան կա, որպես կասկած չես կարող հայտարարել:
“Արա, դուք ո՞վ եք, որ ձեզ վրա կրակեն”,-“քթի տակ” նետեց Հովհաննիսյանը` նշելով, որ չի կարծում, թե Ռուսաստանը այն աստիճանի է հասել, որ Հայաստանում արեւմտյան ուղղվածություն ունեցող թեկնածու է գտնում, որպեսզի “խփի”: Միաժամանակ չի էլ կարծում, թե այդ թեկնածուն Պարույր Հայրիկյանն է, քանի որ ավելի պռոարեւմտամետ թեկնածուներ կան: