Սերժ Սարգսյանն այստեղ զիջում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով նախընտրական քարոզարշավի առաջին երկու շաբաթներին քարոզարշավի լուսաբանման ուսումնասիրությունները, նշեց, որ թեկնածուների շտաբներից մեծ հաշվով բողոք չի եղել լուսաբանման հետ կապված:
“Լուսաբանումն ընդհանուր առմամբ արվել է հավասարաչափ: Առավել ակտիվ էին “Արմնյուզը” և Արմռադիոն: “Երկիր Մեդիան” և “Կենտրոնը” իջեցրել են լուսաբանման քանակը, որը միգուցե կապված է իրենց հիմնադիրների կողմից ոչ այդքան մեծ հետաքրքրությանը ընտրությունների նկատմամբ: Դա ցույց է տալիս, որ հեռուստաընկերությունների որոշ մասը ավելի շահագրգռված է դեպի իր ղեկավարը, քան հեռուստադիտողը”,-նշեց փորձագետը:
Բորիս Նավասարդյանի խոսքով, Սերժ Սարգսյանի լուսաբանման հետ կապված մինչ քարոզարշավը և դրանից հետո կա մեծ տարբերություն. “Լուսաբանման ծավալի 2/3-ը ներկայացվում էր որպես նախագահ, ինչը որոշակի առավելություն էր Սերժ Սարգսայնի համար: Դա ինչ-որ խախտում չէ,սակայն այդ ժամանակահատվածը որոշակի բաներ հուշում է”:
Նրա խոսքով, քաչոզարշավի սկզբից` հունվարի 21-ից լուսաբանումն այլ ընթացք եղավ: “Սերժ Սարգսյանի լուսաբանումը որպես նախագահ կտրուկ իջել է, և նա լուսաբանվում է որպես թեկնածու, և իր լուսաբանման ժամանակահատվածով երրորդ տեղում է`զիջելով Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին”,-ասաց նա:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը տեղեկացրեց, որ փետրվարի 3-ի դրությամբ Պարույր Հայրիկյանն ակնհայտ լիդեր է լուսաբանման քանակով. “Փետրվարի 1-3-ի ընթացքում նա ստացավ մինչ այդ եղած իր բոլոր անդրադարձների կեսը, իսկ եթերի ծավալով`2/3-ը, որն ինչ որ տեղ բնական է` կապված հայտնի դեպքի հետ”:
Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ դրական և բացասական լուսաբանման առումով առանձնացել է գործող նախագահը, որի նկատմամբ է եղել հիմնական ուղղվածությունը, իսկ մյուս թեկնածուների նկատմամբ քիչ են եղել նման լուսաբանումներ:
Իսկ լուսաբանումն, ըստ զեկույցի, հիմնականում չեզոք է իրականացվում:
Անդրադառնալով քարոզարշավի լուսաբանման դրական և բացասական կողմերին` Բորիս Նավասարդյանը որպես դրական կողմ նշեց այն,որ լրատվամիջոցները և նրանց կարգավորող համակարգը միտված են լուսաբանման ընթացքում համապատասխանել միջազգային նորմերիին, իսկ բացասական կողմն այն է, որ տեղի չեն ունենում բանավեճեր և չի կատարվում թեկնածուների ծրագրերի ներկայացում: