Պոզ ու պոչ կպցնելով չի. Սարգսյանը` Տեր-Պետրոսյանի՞ն /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Արաբկիրի ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինչքան մոտենում է քվեարկության օրը, այնքան լարվածությունն ավելանում է: Սակայն նա ուրախ է, որ քարոզարշավն անցնում է գաղափարական մրցակցության պայմաններում:
“Մենք տեսել ենք լարված ընտրություններ եւ ես չէի ցանկանա, որ մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը: Ուրախ եմ, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ նախընտրական գործընթացների վերաբերյալ հնչում են հիմնականում դրական արձագանքներ: Հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակն ու վրա անել, բայց փառք Աստծո այդպես չեղավ”,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ ընտրություններում հանրությունը կրավորական դերակաատարություն ունի: Գործող նախագահի խոսքով, պետք չի ընտրությունները վերածել կենաց ու մահու պայքարի: “Յուրաքանչյուր թեկնածու պիտի գիտակցի, սա իր կյանքի ամենակարեւոր իրադարձությունը չի եւ ամեն ինչ դրանով չի ավարտվում”,-ասաց թեկնածուն` նշելով, որ դեմ է նաեւ այն տեսակետին, թե ընտրությունները հետաքրքիր չեն անցնում:
“Ընտրությունները ոչ թամաշա է, ոչ կինո, ոչ ներկայացում կամ ֆուտբոլային հանդիպում, որ հետաքրքիր լինեն: Ընտրությունները մեր ապագան որոշող իրադարձություն են: Ովքեր ուզում էին հետաքրքիր լինի, թող գային ու մասնակցեին, ի՞նչ ենք արել, արգելե՞լ ենք: Բանտ ենք նստեցրե՞լ, տնային կալանք ենք տվել…եթե վախեցող են, ապա ինչպե՞ս էին նախագահ դառնալու”,-մասանավորապես ասաց Սերժ Սարգսյանը:
Վերջինս չի կարողանում հասկանալ նաեւ այն թեկնածուներին, ովքեր քարոզարշավ չեն իրականացնում: “Նրանց թվում է, թե նախագահական ընտրությունները մի օրվա բան են, երազ են տեսել, որ կարող են նախագահ դառնալ ու գնացել են դրան, բայց չեն գիտակցում, որ ընտրությունները ընդամենը եզրափակիչ փուլ են”,-ասաց նախագահը` փաստելով, որ ամեն ինչ սկսվում է հետո: Թիմ պիտի ձեւավորել, խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններին պետք է մասնակցել:
“Մենակ մարդը ինչպե՞ս կարող է նախագահ դառնալ: Հետո էլ պոզ ու պոչ են կպցնում` հետաքրքիր չի, պատճառներ կան…. Ոչինչ էլ չկա”,-ասաց թեկնածուն` նշելով, որ ինքն էլ կարող է հազարավոր պատճառներ բերել:
Սերժ Սարգսյանը նշեց, որ անցել են Հայաստանի կործանման տարիները. ժամանակին էլ էին վախեցնում, բայց չկործանվեցինք ու նույնիսկ առաջընթաց ապահովվեցինք: Հիմա էլ, նրա խոսքով, վախեցնում են արտագաղթով, նույնիսկ հաճույք են ստանում:
“Այո՛, կա այդպիսի երեւույթ: Բայց, արդյո՞ք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է: Իհարկե՛ ոչ: Այս երկիրը երբեք չի կործանվելու: Այս երկիրն աշխարհի լավագույն երկիրն է ոչ միայն նրա համար, որ մեր հայրենիքն է, այլեւ, իրոք, շատ լավ երկիր է: Ուղղակի, այս երկիրը պետք է սիրել: Այս ժողովրդին պետք է սիրել: Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի՝դու չես կարող լուրջ մարդ լինել: Եթե դու նեղանում ես, որ գործընթացների վրա այլեւս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ: Ցտեսություն: Մի՛ գուժեք: Ամեն ինչ լավ է լինելու”,-ասաց Ս. Սարգսյանը: