Փող է պահանջել՝ մերկ նկարները չհրապարակելու դիմաց. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Նախկինում հինգ անգամ դատապարտված 50-ամյա Հրաչյա Գևորգյանը վերջին պատժից ազատվել էր 2011 թվականի սեպտեմբերին, նրա դատվածությունը մարված չէ, ըստ դատական ակտի՝ առկա է հանցագործության կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվ:
Ըստ դատական ակտի՝ Հրաչյա Գևորգյանը անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել Գարիկ Հարությունյանի հետ:
Հրաչյան 2011 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում Երևանի Բաշինջաղյան փողոցից
պատանդ վերցնելու և պահելու նպատակով դանակով վտանգավոր բռնության գործադրմամբ ազատությունից ապօրինաբար զրկել ու իր բնակության վայր՝ Ջանիբեկյան փողոց է տեղափոխել իր ծանոթուհի Նաիրա Հ.-ին ու նրա անչափահաս՝ 1997 թվականին ծնված որդուն և պահել է մինչև հոկտեմբերի 18-ը, ժամը 16-ն անց 30 րոպե՝ Նաիրա Հ.-ի հորից պատանդներին ազատելու համար պահանջելով 600 հազար դրամ:
Հոկտեմբերի 18-ին պահանջված գումարից ստանալով 540 հազար դրամը, պատանդներին ազատ են արձակել: Սակայն նույն օրն էլ Հրաչյա Գևորգյանն ու Գարիկ Հարությունյանը բերման են ենթարկվել ոստիկանություն: Բացի սրանից, դեռ նախորդ պատիժը կրելու ժամանակ կալանավայրում գտնվելով՝ Հրաչյա Գևորգյանը Նաիրա Հ.-ի հորից շորթման եղանակով պահանջել ու ստացել է 4 հազար դոլար՝ սպառնալով, թե դստեր մերկ նկարները ցուցադրելով կնվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ թե կվնասի Նաիրային ու նրա երեխաներին:
Նույն սպառնալիքներով, ըստ դատական ակտի, Հրաչյա Գևորգյանը կալանավայրում գտնվելու ժամանակ հենց Նաիրա Հ.-ից տարբեր դրվագներով պահանջել ու ստացել է 200 հազար, 250 հազար, 360 հազար դրամ…
Նախաքննության ու դատաքննության ընթացքում Հրաչյա Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Նառայի հետ ծանոթացել է մեկուսարանից՝ հեռախոսով: «Գիշեր-ցերեկե հեռախոսով խոսել են իրար հետ: Նառան այցելել է իրեն կալանավայրում, նրա երեխան իրեն «պապաե է ասել:
Երբ իրենք ծանոթացել են, Նառան վատ վիճակում է եղել, պարտքեր է ունեցել: Ինքը նրան ուղարկել է գումարներ, որ նա պարտքերը մարի, սառնարան ու «խոլե առնի: Ընդհանուր առմամբ՝ ինքը Նառային մոտ մեկ միլիոն դրամ է ուղարկել: Այս գործը իր գլխին «սարքել ենե, որ իրեն «նստացնենե, «շառով տանե ու իր փողերը չվերադարձնեն:
Նառան տարբեր մարդկանցից գումարներ է վերցրել, «քցել էե ու ասել է, թե պարտքերը Հրաչը կփակի:
Ըստ ամբաստանյալի՝ Նառայի հորից գումար ուզելը եղել է Նառայի գաղափարը: Այդ բոլորը նա է կազմակերպել:
Հրաչյա Գևորգյանի նկատմամբ նախաքննության ընթացքում բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել, ու մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ամբաստնայալ Գարիկ Հարությունյանը նախաքննության ու դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա հայտնել է միայն, որ ինքը Հրաչի խնդրանքով նրա ծանոթից գումար է վերցրել ու տվել Հրաչին:
Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչելով Հրաչյա Գևորգյանին, վերջին հաշվով նրան դատապարտել է 8 տարի ազատազրկման: Գարիկ Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 8 ամիս ազատազրկման: