27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի մասին է երազում Հենրիխ Մխիթարյանը /ֆոտո/

Հենրիխ Մխիթարյանով հպարտանալու առիթ մենք մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հստակ  քայլերով  առաջ է գնում և ավելի ու ավելի կայուն դիրք գրավում ֆուտբոլում: Վերջին շրջանում նրան հաճախ է անդրադառնում նաև եվրոպական մամուլը: Ըստ մի շարք հրապարակումների` Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են նաև եվրոպական անվանի ակումբները:

Այս տարի Հենրիխի տարին է ըստ հորոսկոպի: Նա տարով օձ է: Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք «Ե՞ս Yes!ե–ի հատուկ թողարկման համար:

– Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսություներին:

– Ո´չ, չեմ  հավատում, քանի  որ  յուրաքանչյուր  մարդու  ճակատագիր  որոշված  է, և  միայն  ինքը  կարող  է  իր  ճակատագրին  տեր  լինել: Թե  աստղագուշակն  ամեն  օր  ինչ կպատմի, կարևոր  չէ:

– Առհասարակ նախընտրում ես Նոր տարին ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ դիմավորել:

– Ամանորն  ընտանեկան  տոն  է, և  կարծում  եմ`  այն  պետք  է  ընտանիքի  անդամների հետ  դիմավորել:

– Ինչպե՞ս  է  անցնում առօրյադ, երբ Հայաստանում  ես  լինում  և  ինչպիսի՞ն  է  այն Ուկրաինայում:

– Հայաստանում  ընկերներիս  հետ  լինելու  ժամանակ ավելի շատ եմ  ունենում: Դոնեցկում  ավելի  շատ պարապմունքներով եմ զբաղված: Քանի որ ժամանակը  շատ  քիչ է, փորձում  եմ  ավելի  շատ  կենտրոնանալ պարապմունքներիս վրա:

– Ինչպիսի՞ն պետք է լինեն ընկերներդ: Ունե՞ս չափորոշիչներ  «ընկեր» կոչման  համար:

– Ինձ համար ընկերներն «ինչպիսին» չեն լինում, ընկերը լինում է էնպիսին, որ  ոչինչ  չես կարող  փոխել  նրա  մեջ, բայց նա ընկերդ է: Եթե  ինքը  դեպի  վատն  է  փոխվում, ուրեմն  էլ  չի կարող  քեզ  ընկեր  լինել: Ես  արդեն  ունեմ  իմ  ընկերական շրջապատը: Ընկերն ավելի շատ մանկուց է լինում: Այս տարիքում նոր ընկերներ ձեռք բերելը քիչ հավանական է:

– Կա՞ բնավորության մի գիծ, որն ընդհանուր է բոլոր ընկերներիդ մեջ, ու գուցե հենց դա է ձեզկապում:

– Այո, մենք ունենք այդ գիծը` ազնվությունը, դրա համար էլ  մինչև  հիմա ընկերություն ենք անում: Մենք ազնիվ ենք միմյանց հանդեպ:

– Տեղյակ եմ, որ նախասիրություններիցդ  մեկը  կարդալն  է: Ակտիվ պարապմունքերի տեմպի մեջհասցնո՞ւմ  ես  կարդալ:

– Չեմ կարող ասել, որ օրվա ընթացքում 30-40 էջ կարդում եմ, բայց երբ ժամանակ եմ ունենում, ընթերցում եմ:

– Էլ  ի՞նչ  նախասիրություններ  ունես:

– Նախասիրություններով զբաղվելու ժամանակ առհասարակ  չեմ  ունենում, բայց  երբ ժամանակս  թույլ  է  տալիս, փորձում  եմ  հաճելի  երեկո  անցկացնել:

– Իսկ  ինչպիսի՞  երեկոն  է  քեզ  համար  հաճելի:

– Կարելի  է  ընկերների  հետ  հաճելի  երեկո  անցկացնել` գնալով  բոուլինգ,  բիլիարդ խաղալու  կամ  շատ  հանգիստ  երեկո  ունենալու: Անպայման չէ ինչ-որ ակտիվ զբաղմունք ունենալ, որ երեկոն հաճելի լինի, կարող ենք ընկերներով նստել և  ուղղակի զրուցել  ինչ-որ  հետաքրքիր  թեմայի  մասին:

 

Ընտանիքիդ  անդամներն  անմիջական  կապ  ունեն  ֆուտբոլի  հետ: Հայրդ  հայտնի  և սիրված ֆուտբոլիստ  Համլետ  Մխիթարյանն  էր, մայրդ` Մարինա  Թաշչյանը, աշխատում է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայում, քույրդ`  Մոնիկան, աշխատում  է  ՈՒԵՖԱ-ում: Քո`  ֆուտբոլիստ դառնալու  որոշումն  ինչպե՞ս  կայացրիր:

– Երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, մայրս  դեռ չէր աշխատում, ես էլ փոքր էի: Այսինքն ընտանիքում «ֆուտբոլային» միայն հայրս էր: Տանը միայն նա է ֆուտբոլով զբաղվել  ու, հետևելով  նրան, մեջս  ցանկություն առաջացավ, որ ես էլ ֆուտբոլիստ  դառնամ: Էնպես չէր, որ ես ծնվել եմ, արդեն մայրս աշխատել է ֆեդերացիայում, ու տանը բոլորը «ֆուտբոլային» էին:

– Կուզեի՞ր`  որդիդ  էլ  զբաղվեր  ֆուտբոլով:

– Ես ավելի շատ կուզեմ, որ որդիս լավ մարդ մեծանա, հետո արդեն ֆուտբոլի մասին կմտածենք:

– Իսկ եթե դո՞ւստր ունենաս: Կա նաև աղջիկների հավաքական: Ինչպե՞ս ես վերաբերվում աղջիկներիֆուտբոլ խաղալուն: Կցանկանայի՞ր աղջիկդ ֆուտբոլով զբաղվեր:

– Չէ°, իմ կարծիքով` ֆուտբոլը կնոջ սպորտաձև չէ: Իհարկե, դա իմ կարծիքն է, կան շատ աղջիկներ, ովքեր սիրում են ֆուտբոլ ու զբաղվում են դրանով: Ես չեմ կարող քննադատել, դա նրանց ցանկությունն ու նպատակն է:

– Անձնական  կյանքումդ  նորություններ  ունե՞ս:

– Չեմ  ուզում  խոսել  այս  մասին:

– Իսկ կա՞ որոշակի տարիք, որը ճիշտ ես համարում  ընտանիք  կազմելու  համար:

– Չէ, չկա նման տարիք, ընտանիք պետք է  կազմել, երբ գալիս է պահն ու ժամանակը:

– Ֆուտբոլիստի  կարիերան  կարճ  կյանք  ունի: Որպես  ֆուտբոլիստ  դրսևորվելու, կայանալու  և անուն  ձեռք  բերելու համար  քիչ  ժամանակ կա: Ըստ  քեզ` մինչև  հիմա հասե՞լ  ես  այն  ամենին,ինչը  քեզ  համար  առաջնային  և  կարևոր  էր:

– Ես հիմա չեմ կարող գնահատական տալ  իմ  կարիերային, քանի որ շատ քիչ ժամանակ է, ինչ  ֆուտբոլային  ասպարեզում  եմ  ու  չեմ  ուզում ժամանակից  շուտ  գնահատական տալ: Ավելի  լավ  է` սպասեմ  կարիերայիս  ավարտին. այն  ժամանակ էլ գնահատական կտամ  ու  կասեմ` կարո՞ղ  էի ավելի շատ ձեռքբերումներ  ունենալ, թե՞  ոչ:

– Ի՞նչն  է  կարևոր  ֆուտբոլում  հաջողության  հասնելու  համար:

– Աշխատանքը, քանի  որ  միայն տաղանդը  բավարար  չէ  ֆուտբոլիստ  դառնալու  համար:

– Ֆուտբոլում  ի՞նչ  ասել  է  տաղանդ: Մի՞թե  ֆուտբոլիստ  մարզումների  և  աշխատանքիարդյունքում  չեն դառնում:

– Ցանկացած մարդ ունի տաղանդ  և  պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է: Եթե ֆուտբոլիստն օժտված է ֆուտբոլային տաղանդով, միայն դրանով չի կարող առաջ գնալ, պիտի կարողանա տաղանդը համատեղել աշխատանքի և նվիրվածության հետ: Դա նույնն է, որ ինչ-որ նկարիչ լավ նկարի, բայց չգնա  նկարչության: Ամեն  մարդ պիտի  կարողանա  գտնել  իր  ճիշտ  ուղին:

 

 Հայաստանի հավաքականը վերջին տարիներին մեծ առաջընթաց  գրանցեց: Անկախ  այնհանգամանքից`  հաղթո՞ւմ  է, թե՞ պարտվում, արժանի  խաղ է  խաղում: Դա   առաջին հեթին մարզվածությա՞ն,  թե՞  հոգեբանական  պատնեշ  հաղթահարելու  արդյունք  էր:

-Կարծում եմ` հոգեբանական խնդիր չկար, որ հաղթահարեին, ուղղակի ազգային հավաքականում սերնդափոխություն եղավ, և այն ֆուտբոլիստները, ովքեր ազգային հավաքականի  ճամբարում  են, նվիրված  են ամբողջ հոգով և անկախ մրցակցից` կարողանում  են  ամեն  ինչ  անել, որպեսզի  դրական արդյունքի հասնեն:

– Քո մասին  հաճախ  գրում է նաև միջազգային մամուլը: Ըստ  որոշ  հրապարակումների` քեզնով հետաքրքրված  են  նաև  եվրոպական  առաջատար  ակումբները: Ունե՞ս  հստակ առաջարկներ:

-Ես  հիմա մամուլ  չեմ  կարդում, չգիտեմ` ով  է  հետաքրքրված: Ես  ունեմ  պայմանագիր և պատրաստվում  եմ  մինչև  վերջ  այն  կատարել: Ես այդ մասին չեմ ուզում խոսել: Դա  իմ խնդիրը  չի:

– Դու  միշտ  աչքի  ես  ընկնում  որպես  լավ  ֆուտբոլիստ  և  անընդհատ  ուշադրության կենտրոնում ես: Արդյո՞ք  դա  ինչ-որ  կերպ  ազդում  է  խաղընկերներիդ տրամադրվածության  վրա: Նրանց կողմից  նախանձ  զգո՞ւմ  ես:

– Չեմ  կարող  ասել. եթե  նախանձում  են, ես  չեմ  իմանա  այդ  մասին: Ես  ավելի  շատ կենտրոնանում  եմ  իմ  խաղի, պարապմունքների  վրա, իսկ  եթե  ինչ-որ  մեկն  ինձ նախանձում  է,  դրանով  ոչ  թե  ինձ  է  վատություն  անում, այլ  իրեն: Ինձ  համար  կարևոր է  լավ  խաղալն  ու  թիմին  օգտակար  լինելը:

– Ո՞րն  է  քո  հաջողության  գրավականը:

– Ես միայն իմ  թիմակիցների  շնորհիվ եմ  հաջողության  հասնում: Ամեն  ինչ  կախված  է նրանից, թե  թիմակիցներս  որքանով  են  ինձ  օգնում:

– Հայաստան-Իտալիա խաղից  հետո  մեծ  աղմուկ  բարձրացրեց  այն  հանգամանքը, որհանդիսատեսը  լքեց  մարզադաշտը  մինչ  խաղի  ավարտը: Ի՞նչ  էիր  զգում  այդ  պահին:

– Դա մարզադաշտը լքողների խնդիրն է: Ես ավելի շատ պետք է կենտրոնանամ իմ խաղի վրա, որ կարողանամ դրական արդյունքի հասնել, իսկ ով չի համբերում մինչև խաղի ավարտը, իր խնդիրն է: Ես  ոչինչ  չեմ  կարող ասել: Մենք խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր հավատում են մեզ և մինչև վերջին րոպեն սպասում են, որ հաղթենք:

– Նման պահերի թևաթա՞փ ես լինում:

– Հնարավոր է, բայց ամեն մարդ  յուրովի է մտածում, և ոչ ոքի չեմ կարող մեղադրել: Ես մինչև վերջին րոպեն մտածում եմ  լավ  խաղալու մասին:

– Սոցիալական  ցանցերում  քո  անունով  մի  շարք  էջեր  կան: Դրանց  դո՞ւ ես  հետևում:

– Չէ´, ես  ոչ  մի  սոցցանցում  չկամ  ու  ոչ  մեկի  հետ  կապ  չեմ  պաշտպանում  այդ միջոցով:  Ես  ավելի  շատ հեռախոսով եմ շփվում:

– Իսկ  երկրպագուների՞դ  հետ:

– Երկրպագուների  հետ շփվում եմ միայն փողոցում, եթե  ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մոտենալու:

– Երբ Հայաստանում  ես  լինում, շա՞տ  են  մոտենում, «անհանգստացնում»:

– Նայած ժամանակ: Կախված է նրանից, թե ով կարող է հանդիպել փողոցում. եթե մոլի երկրպագուներ են, մոտենում են, ցանկանում  նկարվել, բայց կան մարդիկ, ովքեր ամաչում են մոտենալ:

– Իսկ եղե՞լ  են  դեպքեր, երբ  քեզ նյարդայնացնում  է հայտնի լինելը: Ասենք` ուզում  ես մենակ  մնալ կամ  ուղղակի  քայլել  փողոցով, բայց  անընդհատ  ուշադրության կենտրոնում  ես:

– Երբ ուզում եմ  միայնակ մնալ, տանից  դուրս  չեմ  գալիս. եթե մարդն ինչ-որ բանի տրամադրություն կամ  հավես  չունի, բնականաբար, չի անում:

– Փաստորեն, փողոցում  քայլելո ւ սովորություն  չունե՞ս:

– Երբ արձակուրդում եմ, փորձում եմ ընկերներիս  հետ  քայլել, ինչ-որ տեղ գնալ, խոսել, զրուցել:

– Խոսքս  միայնակ  քայլելու  մասին  էր:

– Չէ´, հո  գիժ  չեմ, մենակ  քայլեմ: Էս  կյանքում ո՞վ է մենակ քայլում:

– Մտածո՞ւմ  ես  ապագայի  մասին: Ինչպիսի՞ն  ես  այն  պատկերացնում:

– Ես հեռավոր ապագայի մասին չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ վաղվա օրվա, ոչ  թե  2-3 տարի հետոյի մասին: Մարդ պետք է ապրի այսօրվա ու վաղվա օրով:

– Երազանքներ  ունե՞ս:

– Հա, շատ երազանքներ  ու  նպատակներ  ունեմ, որոնք փորձում  եմ  իրականացնել  քայլ առ  քայլ: Մի նպատակին  հասնելուն պես  իմ  առջև  նոր  նպատակ  եմ  դնում:

– Ինչի՞  մասին  երազում:

– Կարծում  եմ` դրանք  շատ  անձնական  են, ու չեմ  ուզում  բարձրաձայնել  դրանց  մասին: Պետք է հասնել նպատակին, հետո միայն խոսել դրա մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ