Սերժ Սարգսյանը լսել է անձնագրերի հավաքման մասին /ֆոտո/
“Եթե եկել եք, ակնկալում եմ, որ եկել եք զորակցելու, եկել եք սատարելու”,-Արմավիրում այսպես դիմեց հրապարակում հավաքվածներին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, այս օրերին տեսնում է օր օրի հասունացող հասարակություն, տեսնում է, “որ խոսքը հնչում է ավելի համոզիչ”:
Թեկնածուն խնդրելով արամվիրցիների քվեն` ասաց, որ միասին են կառուցելու ապահով Հայաստան եւ նախըտրական ծրագրից կանգ առավ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման խնդիրներին:
“Մենք պետք է կերտենք ավելի ապահով երկիր եւ միասնաբար ենք աշխատելու այդ ուղղությամբ: Մենք անցել ենք ճանապարհի ամենադժվարին հատվածը”,- ասաց Սերժ Սարգսյանը:
Գործող նախագահը հավատում է արմավիրցիների հեռատեսությանը եւ մեկ անգամ եւս խոսեց լավ ընտրությունների անցկացման մասին: Նա արամվիրցիներին վստահեցրեց, որ դրանում չկասկածեն:
Սերժ Սարգսյանը լսել է, որ ինչ որ անձնագրեր են հավաքում, ուսանողներին ներգրավում են կամ պարտադրում են, որ մասնակցեն քարոզարշավների, լսել է անգամ, որ որոշ դասախոսներ դասը վերածել են քարոզչության, բայց եթե նույնիսկ այդ ամենի մեկ տոկոսը ճիշտ է, ապա նա խորհուրդ տվեց.
“Իզուր եք նման բան անում։ Դա օգուտ չի տալու ոչ մեկիս, քանի որ մենք հաշվետու ենք միայն մեր ժողովրդի առաջ, բայց մենք տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ ենք, մեծ նշանակության հարցեր ենք քննարկում այդ կազմակերպությունների հետ եւ որպեսզի լինենք լիարժեք անդամ, պետք է աշխատենք քաղաքակիրթ կանոններով։ Բարեփոխումներ մեր երկրում կլինեն մեր բոլորի ուժերով”,-հորդորեց նախագահի թեկնածուն: