Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում. վարչապետ
Այսօր կառավարություն- ԱԺ հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավանդական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ֆրանսիական Carrefour սուպերմարկետների ցանցի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հարցին:
Լրատվամիջոցներով, ինչպես հայտնի է, տեղեկություն է տարածվել, որ ՀՀ խոշոր գործարարների կողմից խոչընդոտվում է ընկերության մուտքը Հայաստան:
‘’Ես հանդիպել եմ Carrefour-ի ներկայացուցիչների հետ և քննարկել եմ բոլոր հարցերը, որոնք իրենց հետաքրքրում էին: Առաջինը, Հայաստանի Հանրապետությունը և կառավարությունը խիստ շահագրգռված են, որպեսզի Carrefour-ը ներկայացված լինի մեր շուկայում և մատուցի այն ծառայությունները, որ նա աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ՝ մեր տնտեսության համար’’,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի` հարցի կարգավորումը կարեւոր է մրցակցային դաշտի ձևավորման առումով. ‘’Դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում:
Դրա համար Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք Carrefour-ին՝ որպես կառավարություն, որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում’’,-շարունակել է վարչապետը:
Ինչ վերաբերում է այն պայմանագրին, որ ընկերությունն ունի Dalma Garden Mall –ի հետ, վարչապետը նշել է, որ երկու մասնավոր ընկերությունների միջև ստեղծված հարաբերությունները պետք է կարգավորվեն իրավական դաշտում: ‘
’Երկու մասնավոր ընկերությունները պետք է փորձեն գտնել փոխադարձ, իրենց համար ընդունելի լուծումներ: Ըստ այն տեղեկատվության, որ մեզ տրամադրեց Carrefour-ի ներկայացուցիչը, պայմանագիր նրանք չեն ունեցել, ունեցել են հուշագիր՝ մտադրությունների մասին և աշխատել են այդ հուշագրի ներքո’’,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Dalma Garden Mall-ը խզել է հուշագիրը Carrefour-ի հետ: Ըստ որոշ տեղեկությունների, Carrefour-ի տեղը զբաղեցնելու հավակնություններ ունի Սամվել Ալեքսանյանին պատկանող Երեւան Սիթին: