11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անդրիասի վիճակը վատացել է, բայց մինչեւ փետրվարի 18-ը ”կձգի” /ֆոտոշարք, վիդեո/

Արդեն տասնյոթերորդ օրն է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ շենքի դիմաց ‘’Ոչ շինծու ընտրություններին’’ կարգախոսով հացադուլի մեջ է: Այսօր հացադուլավոր թեկնածուի առողջական վիճակը վատացել է: Բժիշկները Անդրիաս Ղուկասյանին հորդորել են տեղափոխվել հիվանդանոց, ինչից սակայն թեկնածուն հրաժարվել է:

Անդրիաս Ղուկասյանին ցուցված չէ խոսել` ուժերը պահպանելու նպատակով: Նա այսօրվանից հացադուլն անցկացնում է պառկած: Henaran.am-ը քիչ առաջ այցելել է հացադուլավոր թեկնածուին: Մեր այցելության պահին Անդրիաս Ղուկասյանը քայլում էր, այնուհետ պառկեց տաղավարում հարմարեցված անկողնում: Նրա կողքին էր կինը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Անդրիաս Ղուկասյանին հարցեր չուղղեցինք` հաշվի առնելով բժիշկների ցուցումը: Տիկին Թարխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր եւս բժիշկները ստուգել են Անդրիաս Ղուկասյանին, արյան ճնշումը ցածր է եղել` ութսուն/քառասուն:’’ Ինքը շատ հոգնած է, բժիշկներն ասել են, որ մի հինգ-տասը րոպեով քայլի, որպեսզի օրգանիզմը կարողանա կոմպենսացնել այդ վիճակը’’,-նշեց նա:

Անահիտ Թարխանյանն ասաց, որ ամուսինը չի  փոխել իր քաղաքական դիրքորոշումը եւ չի պատրաստվում տեղափոխվել հիվանդանոց:’’Ես իր կողքին եմ , ինչ անհրաժեշտ կլինի, այդ էլ կանեմ’’,-հավելեց Անահիտ Թարխանյանը եւ շտապեց ամուսնուն խնամելու:

Շտապօգնության բժիշկները 24 ժամ հերթապահում են հացադուլավոր թեկնածուի կողքին: Շտապօգնության բժշկուհի  Արուսյակ Տեր-Ստեփանյանը Henaran.am-ին ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի վիճակը համապատասխանում է տասնվեց օր հաց չկերած անձի վիճակին:

’’Վիճակն ադեկվատ է’’,-նկատեց նա: Բժշկուհին նշեց նաեւ , որ հացադուլի դիմած քաղաքացին դեռ կարող է դիմանալ: ‘’Փետրվարի 18-ին կձգի: Հնարավոր է դեռ քսան օր էլ դիմանա’’,-նշեց նա հավելելով, որ  այս ամենն, իհարկե, անհատական է եւ կախված է տվյալ անձի օրգանիզմի առանձնահատկություններից եւ դիմադրողականությունից:

Մեր այն հարցին, թե սովորաբար հացադուլի երկրորդ շաբաթվանից սկսած բժիշկները հորդորում են քաղաքացուն դադարեցնել հացադուլը, շտապօգնության բժշկուհին նշեց, որ այս ժամանակահատվածից սկսած օրգանիզմում հնարավոր են անդառնալի փոփոխություններ:

Արուսյակ Տեր-Ստեփանյանը նաեւ փոխանցեց, որ բժիշկները  իրավունք չունեն Անդրիաս Ղուկասյանին ուժով հիվանդանոց տեղափոխել եւ այդ քայլին կարող են դիմել միայն այն դեպքում, երբ վերջինս կորցնի  գիտակցությունը. ‘’Երբ մարդն արդեն գիտակցությունը կորցնում է միայն այդ վիճակում մենք իրավունք ունենք իր փոխարեն որոշում կայացնել’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ