10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու տեսլականը մոտ ապագայում իրականություն կդառնա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց  “Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում” ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը,  ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք: Համաժողովին ելույթներով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն ընդգծեց համաժողովի կարեւոր նշանակությունը եւ մասնավորապես նշեց. “Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, եւ մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով ԵՄ “Դեղին գրքի” ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ:

Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը: Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների եւ քաղաքացիների առավել արագ եւ ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների եւ ավելորդ թղթատարության վերացում”:

Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի “Բավրա” եւ “Նինոծմինդա” անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաեւ մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:

Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն “Բավրա” եւ “Նինոծմինդա” անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաեւ կկատարվի Հայաստանի եւ Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը եւ պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը եւ կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը եւ այլն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ