26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում

 

 

 

 Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Ավարտին յուրաքանչյուր երկրից ընտրվելու է հնգական ներկայացուցիչ՝ եվրոպական կառույցներին տեղում ծանոթանալու համար:

 

Խորհրդարանում Հայաստանի եւ Վրաստանի ավագ դպրոցների շուրջ 40 աշակերտներին ներկայացվեց օրենսդիրի գործունեությունը, ՀՀ Ազգային ժողովի պատմությունը, կառուցվածքը: Այնուհետեւ դպրոցական հյուրերի հետ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով նրանց՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ վրացի երիտասարդների համար այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանն այսուհետ կլինի ոչ միայն հարեւան երկիր, աշխարհագրական տարածք, այլեւ իրենց ընկերների հայրենիքը: Բարձր գնահատելով մարդկային ջերմ հարաբերությունները՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դրանք նաեւ այն «թելերն» են, որոնք կապում են ժողովուրդներ, պետություններ: Նա շեշտեց այն դերը, որ  երիտասարդներին  վերապահված է շուրջ 20 տարի ժողովրդավարության ուղին ընտրած երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի ապագան կերտելու գործում:

 

Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ 2013-ին կարեւորագույն իրադարձություններ են սպասվում թե Հայաստանի եւ թե Վրաստանի քաղաքական դաշտում. ՀՀ-ում՝ փետրվարի 18-ին, իսկ հարեւան երկրում տարեվերջին ընտրվելու են նախագահներ: ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում ՀԿԵԽ պատվիրակներն սպասվող իրադարձություններին, ինչ տրամադրություններ են նրանց ընտանիքներում: Թեման ոգեւորեց դպրոցականներին, եւ ծավալված զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքականությամբ ու բուռն բանավեճերով հետաքրքված են ոչ միայն ավագ դպրոցների աշակերտներն իրենք, այլեւ իրենց հարազատները: Հերմինե Նաղդալյանն էլ պատմեց, թե երկրի քաղաքական իրադարձություններն ինչ արձագանք են գտնում իր ընտանիքում՝ զուգահեռաբար ներկայացնելով այն  պատմությունը, որի միջով անցել է հասարակությունը անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից մինչեւ ներկա փուլ:

 

Դպրոցականներն ԱԺ փոխնախագահին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, նաեւ հարցեր ուղղեցին խորհրդարանի աշխատանքների, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

 

Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպումից հետո ՀԿԵԽ պատվիրակները ներկա գտնվեցին ԱԺ նիստին:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ