Անձդ զոհում ես ինչի համար

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր վերլուծելով նախագահի թեկնածուների վարած քարոզարշավը, նշեց, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը կիրառում է ավելի շատ ինտելեկտուալ զանգվածի վրա ազդելու մեխանիզմը:
՛՛Իր առաջարկած գաղափարներն ավելի շատ հասկանալի են մասնագետների համար՛՛,-նշեց հոգեբանը: Մյուս կողմից Բագրատյանի վրա բացասաբար է ազդում այն, որ ինքը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, իսկ այդ շրջանի տնտեսական քաղաքականության նկատմամբ շատ վատ վերաբերմունք կա:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, ըստ Խուդոյանի, հոգեբանական տեսանկյունից զուտ իր վրա ուշադրություն կենտրոնացնելու միջոց է:՛՛Իր պահանջները անհասկանալի են և ոչ իրականանալի: Այստեղ խղճահարության պահը չէ, քայլը պետք է ադեկվատ լինի: Անձդ զոհում ես ինչի համար, ոչ հայրենիք ես փրկում, սա ուղղակի մեկի դեմ ինչ-որ բան է՛՛,-նշեց նա:
Ինչ վերաբերում է էպոսագետ Վարդան Սեդրակյանին, ապա Խուդոյանը նրա պահվածքը որակեց որպես քաղաքականությունից և իրականությունից կտրված: ՛՛Ինչքան անլուրջ է այս ամեն ինչը. ահա այսպիսի տպավորություն է ստեղծում՛՛,-ընդգծեց հոգեբանը: