12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110 ամյակին:

Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին: Սակայն, հաշվի առնելով թեմայի նկատմամբ մամուլում վերջին օրերին նկատվող հետաքրքրությունը, այժմ ներկայացնում ենք ծրագրի որոշ մանրամասներ:

• Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և Կամերային նվագախմբերի մենակատարները, “Դիլիջան” կամերային նվագախումբը: Միջոցառմանը ներկա կլինեն հայ և ամերիկացի երաժշտասերներ, հայկական և ամերիկյան մամուլի
ներկայացուցիչներ:

• Հռչակավոր Hollywood Bowl համերգային կենտրոնում, որը տեղավորում է 14 հազար հանդիսատես, նախատեսված է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը:

• Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած`  “Կուն”  պրոդյուսերական կենտրոնի “Արամ Խաչատրյան” վավերագրական ֆիլմը` օտար հանդիսատեսի և ԶԼՄ ներկայացուցիչների համար:

• Հարավային Կալիֆորնիայի համալսարանի/USC/  “Հայկական երաժշտության բարեկամներ” խմբի հետ գործակցությամբ կկայանա համերգ-դասախոսություն` նվիրված մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը:

• Colbern երաժշտանոցի Zipper համերգասրահում կկազմակերպվի “Լարք” կամերային երաժշտության շարքի համերգաշարը, որն այս տարի ամբողջությամբ նվիրված է Արամ Խաչատրյանին:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ողջունում է Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնական միջոցառումներին Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցության նախաձեռնությունը, ինչի մասին ՀՀ գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը հայտնել է նվագախմբի տնօրենին և ԼԱ-ում ներկայացուցչին` նրանց հետ հանդիպման ժամանակ և առաջարկել մաս կազմել կամերային երաժշտության` համայնքի կողմից նախատեսված ծրագրին:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հավաստիացնում է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին ԱՄՆ արևմտյան ափում կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով և ընդգրկմամբ լավագույններից մեկը կլինեն Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա
ընթացքում:

Հ.Գ. Արձագանքելով օրերս մամուլում հայտնված հրապարակմանը, ըստ որի հյուպատոսությունն անպատասխան է թողել International Competitions and Festivals կազմակերպության գործադիր տնօրեն Սթիվեն Դայերի` մեզ հետ կապվելու բազմաթիվ փորձերը, հայտնենք, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն այդ կառույցից կամ նրա ղեկավարից երբևէ չի ստացել նամակ կամ
հեռախոսազանգ:

Ավելին, չնայած գործադրած ջանքերին,  հյուպատոսությանը չհաջողվեց գտնել այդ անվամբ կառույց, պաշտոնական կայք կամ Սթիվեն Դայեր անունով մարդու հետ կապվելու որևէ այլ միջոց: Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր հյուպատոսության Մշակույթի բաժինը ևս մեկ անգամ հայտարարում է, որ պատրաստակամ է գործակցել այն կառույցների հետ, որոնք ցանկություն կունենան մաս կազմել Ա. Խաչատրյանի հոբելյանական տարվա անցկացման գործին:

ՀՀ գլխավոր հյուպատոսության Մշակույթի բաժին կարող եք կապվել`
[email protected] էլ. հասցեով կամ զանգահարել (818) 265-5900 x 307
հեռախոսահամարով:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության
Մշակույթի բաժնի պատասխանատու
Եղիա Մանսուրյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ