900 հազար դոլարի տեր է. ԱԱԾ ղեկավարության ունեցվածքը
2011թ.-ը շարժական գույք ձեռք բերելու առումով բավականին հաջող է եղել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի և տնօրենի մեկ այլ տեղակալ` Վրեժ Արզումանյանի տիկնոջ համար: Նրանք ձեռք են բերել 2010թ.-ի արտադրության համապատասխանաբար “RANGE ROVER SPORT” և “MITSUBISHI LANSER” մարդատար ավտոմեքենաներ` 112 հազար 550 ԱՄՆ դոլար և 26 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ:
2011թ.-ի համար ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում անշարժ գույք հայտարարագրել են միայն ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, տնօրենի տեղակալ Գարեգին Մխիթարյանը և նրանց տիկնայք: Ընդ որում` հայտարարագրված այդ գույքն առկա էր թե տարեսզբին և թե տարեվերջին, ուստի դժվար է վստահաբար ասել, թե գույքը ձեռք է բերվել հենց հաշվետու տարում:
Ինչ վերաբերում է այլ ունեցվածքին, ապա ԱԱԾ տնօրենը և նրա 5 տեղակալներից 4-ը հայտարագրել են դրամական միջոցներ: Բացառություն է Գարեգին Մխիթարյանը. նա և իր տիկինը դրամական միջոցներ չեն ունեցել:
Առավել շատ դրամական միջոցներ հայտարարագրել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 890 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 720 հազար ԱՄՆ դոլար, իսկ նրա տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին` 40 հազար ԱՄՆ դոլար:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 19 մլն 600 հազար դրամ, տարեվերջին` 23 մլն 500 հազար դրամ: Նրա տիկինը 2011-ի տարեսկզբին հայտարարագրել է 13 մլն 200 հազար դրամ, տարեվերջին` 18 մլն 200 հազար դրամ:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 700 հազար դրամ և 28 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 1 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար: Նրա տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին եղել են 38 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 32 հազար ԱՄՆ դոլար:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 7 մլն դրամ, տարեվերջին` 9 մլն դրամ, իսկ նրա տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին` 10 մլն 320 հազար դրամ, տարեվերջին` 6 մլն 620 հազար դրամ:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը տարեսկզբին ունեցել է 35 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 37 հազար ԱՄՆ դոլար, իսկ նրա տիկինը` տարեսկզբին և տարեվերջին` 55 հազար ԱՄՆ դոլար:
Այս անձանց եկամուտները հիմնականում գոյացել են աշխատավարձի գումարներից: Սակայն այստեղ ևս կան որոշ բացառություններ:
Այսպես` Գորիկ Հակոբյանը որպես եկամուտներ հայտարարգրել է 6 մլն 879 հազար 264 դրամի չափով աշխատավարձ: Նրա տիկնոջ եկամուտները գոյացել են 840 հազար դրամ աշխատավարձից և 5 մլն դրամ նվիրատվությունից:
Ռոմիկ Հարությունյանի միակ եկամուտն եղել է աշխատավարձը` 5 մլն 477 հազար 772 դրամ: Նրա տիկինը եկամուտներ չի ունեցել:
Վրեժ Արզումանյանի եկամուտները գոյացել են 4 մլն 888 հազար 972 դրամ աշխատավարձից և 25 հազար ԱՄՆ դոլար վարկից (օվերդրաֆտ), իսկ նրա տիկնոջ եկամուտները` 1 մլն 95 հազար դրամ շահաբաժնից:
Ֆելիքս Ցոլակյանը որպես եկամուտներ հայտարարագրել է 4 մլն 543 հազար 578 դրամի չափով աշխատավարձ և 2 մլն դրամ` գույքն օտարելուց ստացված եկամուտ: Նրա տիկինը եկամուտներ չի ունեցել:
Արզուման Հարությունյանի եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից` 4 մլն 557 հազար 574 դրամ: Նրա տիկինը եկամուտներ չի ունեցել:
Գարեգին Մխիթարյան և նրա տիկնոջ եկամուտները ևս գոյացել են բացառապես աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 4 մլն 558 հազար 150 դրամ և 232 հազար 833 դրամ:
Հեղինակ
Գայանե Մելիքյան