04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քուր ջան հանվի, վերեւից հրահանգ կա. Հրապարակ

Թերթը երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի երեւանյան հանդիպումների ոչ ծրագրային մանրամասներին է անդրադարձել.

“Քուր ջան, մորքուր, տիկին ջան, հանվեք, նոր առաջացեք, հրահանգ կա”: Ահա այսպես էին երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը երիտասարդ դռնապանները դիմավորում կանանց, ովքեր եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու:

Նախ անակնկալի էին գալիս հանվելու հրահանգը լսելով, ապա, հասկանալով, որ խոսքը վերարկուի մասին է, վախվորած հանվում էին: Մի տարեց կին լացակումած ձայնով պաղատում էր, որ իրեն վերարկուով ներս թողնեն, հիվանդ է, ցուրտ դահլիճում չի դիմանա, բայց տղան անդրդվելի էր, կնոջը համոզում էր.

“Մորքուր ջան, վերեւից հրահանգ կա, տենց ա գեղեցիկ, թե չէ պալտոներով չի նայվում”: Բայց քանի որ նաեւ սպառնում էին, թե՝ “մեկ ա, հանել ենք տալու”, կանայք գերադասում էին ինքնակամ հանվել ու սրթսրթալով նստել դահլիճում:

Ահա այս զավեշտալի երկխոսություններով էլ սկսվեց հանդիպումը: Ինչպես սկսվեց, այնպես էլ ընթացավ, բանգլադեշցիները զվարճանալու պակաս չունեցան: Այս անգամ “չեբուրաշկայի” դերում Սերժ Սարգսյանի համակուրսեցի տիկին Ռուզաննան էր, ով հարցի պատրվակով մոտեցավ խոսափողին ու դիֆերամբ ձոնեց իր համակուրսեցուն:

Երբ արդեն նստում էր, Սերժ Սարգսյանը, թերեւս անհարմար զգալով այդչափ ձոներգից, որպեսզի չմտածեն, թե հանրապետականները ստիպել են  մանկավարժներին նման ելույթներ ունենալ, գաղտնազերծեց. “Տիկին Ռուզաննան իմ կուրսեցին է, դրա համար էլ այդ կարծիքին է”: Կուրսեցին էլ նախագահի վերաբերմունքից հալվեց ու կարծես վերածնված` վերադարձավ խոսափողին ու  շարունակեց.

“Դուք ուսանողական տարիներին այնքան կրակ էիք… այնքան կրակոտ… շատ անհանգստացնում էիք մեր դասախոսներին, ուղղակի Դուք շատ համեստ եք”: Դողացող ձայնով արտասանում էր Ռուզաննան, Սարգսյանն ընդհատեց` լիաթոք ծիծաղելով ու ծիծաղի միջից “լավ” ասելով”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ