Րաֆֆի Հովհաննիսյանի հետ`ընտրական հեղափոխությամբ կազմակերպելու ենք փետրվարյան հաղթական ապստամբություն …
“Ժառանգական” Զարուհի Փոստանձյանի Ազգային ժողովում այսօր հնչեցրած հայտարարությունը դարձյալ ընտրական թեմատիկայով է: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
“Հարգելի´ պարոն Սերժ Սարգսյան, շուրջ երկու ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ … արդեն սկսում եք վերջնախաղը…:
Հասկանում ենք, որ, ցավոք, այդպես էլ չգիտակցեցիք, թե այդ տարիքում և այդ պաշտոնում «խաղեր» խաղալը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև չափազանց վտանգավոր: Հասկանում ենք նաև, որ շարունակում եք խաղալ: Փաստորեն, երկու հայկական պետությունները վերածելով խաղադաշտի` Դուք Ձեզ և Ձեր սակավաթիվ սպասարկուներին մշտապես փաստացի դիտարկում եք որպես խաղաֆիգուրների, իսկ հայ ժողովրդին` զոհաբերության ենթակա խաղազինվորների:
Հայաստանում գործող հակահայկական համակարգը Ձեր իշխանազավթման տարիներին հասավ իր բարձրակետին` աղետալի արտագաղթ, պետության բյուջեն գերազանցող արտաքին պարտք, հայ-թուրքական և մադրիդյան հակազգային փաստաթղթեր, Հայոց պետությունում բազմաթիվ անպատժելի սպանություններ, որոնց անմիջական պատասխանատուներից մեկն էլ Դուք եք և այլն:
Գեղեցիկ ճառերով սուտ խոստումները և դրա հետ մեկտեղ` ուսումնական հաստատություններին, զինվորականներին, մարզպետարաններին, քաղաքապետարաններին, գյուղապետարաններին և այլն Ձեր կողմից ապօրինի իջեցված հրահանգները, ինչպես նաև Ձեր <խաղը> նրանց պարտադրելու փորձը, այդ «վերջնախաղն» իսկական վերջի են հանգեցնելու:
Զգուշացնում ենք Ձեզ, որ մոլորության մեջ չընկնեք`մենք չենք խաղում, և Ձեր համար թվացող ամենահնարավոր «խաղը» չի հանդուրժվելու և դառնալու է անհնար`
-հարկադրելու ենք ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը,
– դժվարությամբ, սակայն սիրով գործադրելու ենք մեզ պատկանող իրավունքի ուժը Զինված լինելով անսահման հավատով` ապացուցելու ենք, որ Հայոց պետությունը` ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում երաշխավորելու է հավասար իրավունքների հիման վրա արժանապատիվ կենսակերպ բոլորիս համար:
2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների մեկնարկը ոմանց համար լինելու է անկման վերջնախաղ, մեր՝ մեծամասնության համար դե-յուրե ազատ, անկախ և միացյալ հայկական նոր հանրապետության հիմնադրման սկիզբ:
Չարին չենք հնազանդվելու, սուտը չենք հանդուրժելու, վախկոտություն` նահանջելու ես, կամք և խիզախություն` սպասարկելու եք ՔԱՂԱՔԱՑՈՒ իշխանության գործադրումը: Ուրեմն` մեր կյանքում առաջին անգամ մեր հավաքական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ`ընտրական հեղափոխությամբ կազմակերպելու ենք փետրվարյան հաղթական ապստամբություն”: