Այս գործելաոճը ավելի շատ վնաս է տալիս թեկնածուին եւ ՀՀԿ-ին. Աշոտյան
‘’Քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում մամուլում ընդամենը երկրորդ փաստավավերագրային նյութով ապացուցված դեպքն է, երբ կա նման դեպք’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արարատի մարզում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դպրոցականների մասնակցելու դեպքին, ասել է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ առաջին դեպքը գրանցվել էր Ագարակում, ինչի կապակցությամբ Ագարակի դպրոցի տնօրենը վարչական տույժի ենթարկեց: Երկորդ դեպքը գրանցվել է Արարատի մարզում:
‘’Երեկ համացանցում հայտնված նյութի վերաբերյալ այսօր նույնպես տրվել են հանձնարարականներ եւ պատրաստվել է գրություն Արարատի մարզպետին` առաջարկելով պատժել իր ենթակայության տակ գտնվող այն ուսումնական հաստատությունների ղեկավարներին, որոնք խափանել են կրթական գործընթացն իրենց հաստատություններում’’,-շեշտել է Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը չունի նման գործելաոճի կարիք. ‘’Եթե որոշ մարդիկ տեղերում փորձում են արջի ծառայություններ մատուցել, այդ մարդիկ ենթարկվում են վարչական տույժի ‘’: ԿԳՆ խոսքով, այս գործելոճը ավելի շատ վնաս է տալիս թեկնածուին եւ ՀՀԿ-ին:
Ինչ վերաբերվում է ուսանողությանը, Արմեն Աշոտյանն ասել է, որ նրանք ազատ են իրենց քաղաքական կողմնորոշման մեջ եւ եթե ոմանց դուր չի գալիս, որ այդ կողմնորոշումը դեպի ՀՀԿ-ն է ուղղված, դա ՀՀԿ-ի ընդդիմախոսներին առիթ չի տալիս` քննադատելու ուսանողների քաղաքական կողմնորոշումը:
Աշոտանի հավաստիացմամբ, ԿԳՆ-ն քանիցս արձագանքել է, որ կրթական հաստատություններում պետք է ապահովվի աշխատանքի բնականոն ռեժիմ, իսկ քաղաքականությունն ու քարոզարշավը պետք է մնան դրանց պատերից դուրս:
Արմեն Աշոտյանն ասաց, նաեւ, որ ԸՕ համաձայն, ԿԸՀ-ն իր կայքում տեղադրել է մարզպետներից եւ Երեւանի քաղաքապետից ստացած առաջարկությունները, որոնք վեաբերվում են թեկնածուների կողմից անվճար հիմունքներով դալիճներից օգտվելու հնարավորությանը: Այդ դահլիճների մի մասը, նախարարի խոսքով, դպրոցներում է :
Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանի` Մանկավարժական համալսարան կատարած այցելությանը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր նախարարը, Արմեն Աշոտյանն ասաց, որ որեւէ տարբերակում չպետք է դնել եւ խնդիրն չպետք է միակողմանի նայել:
‘’Բազմաթիվ այլ թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ էլ երեխաներ են լինում, որոնք բռնում են դրոշակ, պլակատ եւ այլն: Դա էլ տեսեք: Մեկին կարելի է, մյուսին չի՞ կարելի’’,-նշել է նա: